ԱՐՑԱԽԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՍԵՐԺԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ ՄԻԱՅՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ադրբեջանին Արցախի հարցով աշխատանքը շարունակել ստիպելու ռեսուրս է տեսնում: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ այդ հարցով աշխատելու հարցում Ադրբեջանի հակված չլինելը երրորդական նշանակություն ունի:  Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

 

Անդրադառնալով Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ բանակցությունների հնարավորության վերաբերյալ հարցին՝ պատգամավորներն ասաց, որ ինքը դա որեւէ կերպ չի պատկերացնում: «Մենք չենք կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին. Ադրբեջանի հետ ի՞նչ բանակցեն, ի՞նչ ռեսուրսով բանակցեն: Եթե մենք խոսում ենք, որ Արցախը չճանաչված հանրապետություն է, ինչպե՞ս ենք պատկերացնում միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում նրանց կարգավիճակը: Ուրեմն առաջին հերթին պետք է ճանաչել Արցախը, այն պետք է ունենա իրավական կարգավիճակ, որպեսզի հնարավոր լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ես կարծում եմ՝ Հայաստանը պարտավոր է Արցախի շահերը ներկայացնել, մեր ռազմական դոկտրինում գրված է, որ Հայաստանը Արցախի երաշխավորն է, թեպետ մինչեւ 2020 թվականը հասկացանք, որ իրավիճակը այլ էր՝ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Պատերազմից հետո հասկացանք՝ ինչպիսի վտանգներ հասունացան Հայաստանի համար Արցախի կորստից հետո, եւ, հետեւաբար, Հայաստանը պարտավոր է երաշխավորել Արցախի անվտանգությունը: Նիկոլ Փաշինյանը Արցախը ընկալում է որպես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայրենիք եւ հավասարապես ատում, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ այդպիսի վերաբերմունքը շարունակի գերիշխել, եւ եթե մի անձ չի ցանկանում Արցախի անունից հանդես գալ, ապա մի ամբողջ հայություն չի հրաժարվում Արցախից: Հայաստանը ունի ռեսուրս եւ հնարավորություն Արցախի հարցով զբաղվելու, եւ մենք իրավունք չունենք  այնտեղ ապրող 120-130 հազար քաղաքացիներին ուղղակի թողնել բախտի քմահաճույքին»,- ընդգծեց Թովմասյանը:

Նա նաեւ անդրադարձավ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը առանցքային է Հայաստանի համար, այդ մասին բարձրաձայնվում է  բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ: Պատգամավորը շեշտեց՝ պետք է հիշել եւ հիշեցնել, որ գործում է եւ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը կոչված է զբաղվելու Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով:

«Այդ խումբը հիմա դե յուրե շարունակում է մնալ: Մենք պետք է  ակտիվացնենք, խնդրենք, աղաչենք, որ այդ խմբի գոյությունը նորից դառնա դե ֆակտո, եւ նրանցից ակնկալենք ակտիվություն, բացատրենք, որ իրենց «չգոյությունը» կարող է բերել 120-130 հազար քաղաքացիների կյանքի կորստի: Եթե իրենց համար մարդկային արժեքները, իրավունքները ինչ-որ բան նշանակում են, ուրեմն պետք է իրենց հանձնառությունը շարունակեն կատարել: Եվ Ադրբեջանի հակված չլինելն այս դեպքում երրորդական նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը մինչ այդ էլ հակված չէր որեւէ հարցում որեւէ տրամաբանության մոտ լուծումների գնալ, բայց, այնուամենայնիվ, Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում էր այդ աշխատանքը: Եվ մենք ռեսուրս ունենք նույն խմբի շրջանակներում ստիպելու շարունակել աշխատանքները»,- շեշտեց Թովմասյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ միանշանակ է, որ Արցախն Ադրբեջանում ապագա չունի, Ադրբեջանի կազմում պատկերացումը նշանակում է հայրենակիցներին ուղղակի տանել նոր ցեղասպանության. որեւէ արցախցի չի կարող Ադրբեջանի կազմում ապրել ապահով, ապրել իր իրավունքների պաշտպանությամբ: Ըստ Թովմասյանի՝ ցանկացած ձեւով պետք է կարողանալ ամբողջ աշխարհին լսելի դարձնել, որ եթե Կոսովոյի դեպքում ինքնորոշումն աշխարհի համար ընկալելի է, ինչո՞ւ պետք է Արցախի ինքնորոշումն ընկալելի չլինի»:

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Էդգար Աբրահամյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հոկտեմբերի 10-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

 

 

ՆՈՐ ԽԹԱՆ

Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջեւ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։

 

 

 

ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ:

«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։

 

 

 

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին: Այս մասին հայտնում  է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ հրապարակելով նաեւ լուսանկար:

«Զրույցը վերաբերել է այսօր հայությանը հուզող բազմաթիվ հարցերի»,- լուսանկարին կից գրել է Մուսինյանը:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է հանքարդյունաբերող ընկերությունների առաջ պարտավորություններ սահմանել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները յուրաքանչյուր տարի կպարտավորվեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղել նախագծային ցուցանիշներին համապատասխան հաշվարկված ռոյալթիի կամ բնօգտագործման վճարի որոշակի տոկոսի չափով գումար։

Օրինակ՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում հատկացնել նախագծային ցուցանիշներին համապատասխան հաշվարկված ռոյալթիի առնվազն 3 տոկոսի չափով գումար։ Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում գումարը կկազմի տրամադրված արտադրողականությանը համապատասխան հաշվարկված բնօգտագործման վճարի առնվազն 10 տոկոսի չափով գումար, իսկ հանքային ջրերի հանքավայրերի դեպքում՝ 5 տոկոս։

 

 

 

ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում օգոստոսին բնակարանի մեկ քմ գինը գերազանցել է 1782 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ օգոստոսին վաճառվել է 745 հազար 100 դրամով, մինչդեռ հուլիսին այն կազմել է 742 հազար 500 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 1քմ 2600 դրամով թանկացել է: Եթե մեկ տարվա կտրվածքով դիտարկենք, ապա թանկացումը կազմել է 109 հազար 800 դրամով: Բնակարանի այսչափ թանկացումը խիստ մտահոգիչ է հատկապես Հայաստանի նման երկրում: Այս ոլորտում կտրուկ է գնաճը, որը եղավ, երբ ռուսները, ուկրաինացիները տեղափոխվեցին Հայաստան պատերազմի պատճառով: Բացի այս, տների դեֆիցիտ արձանագրվեց, որն էլ իր հերթին գնաճի պատճառ դարձավ։ Սա դեռ ամենը չէ. մասնագետները համոզված են, որ հաջորդ տարի անշարժ գույքի գներն այլ կլինեն՝ ավելի բարձր: Բայց, ըստ մասնագետների, տների վաճառքի հարցում ռուսները, տեղացիների համեմատ, ակտիվ մասնակցություն չեն ունեցել։ «Ժողովուրդ»  օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ, ՌԴ եւ ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, ՀՀ-ում անշարժ գույք են գնել ԱՄՆ-ի 20 քաղաքացի, եվրոպական պետությունների 33, Իրանի 8 եւ այլ երկրների 9 քաղաքացիներ։ Ավելին՝ պարզվում է, որ ՌԴ քաղաքացիները 2022թ.-ի օգոստոսին, 2021թ.-ի օգոստոսի համեմատ, Հայաստանում շատ անշարժ գույք են գնել։ ՌԴ քաղաքացիները 2022թ.-ի օգոստոսին մեր երկրում 98 անշարժ գույք են գնել` 2021թ-ի օգոստոսի 86-ի դիմաց։ Օտարերկրացիները վաճառել են 96 բնակարան, 62 բնակելի տուն, 72 հողամաս։

 

 

 




Լրահոս