Արցախում անհամբեր սպասում են, թե ինչ լուրերով են վերադառնալու Հայաստան մեկնածները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ վերջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Ուշագրավ է, որ հանդիպմանը հետեւեց ոչինչ չասող պաշտոնական մի հավաստում․ կառավարության խոսնակը հայտարարեց, թե նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ Այլ մանրամասների, զրույցի բովանդակության մասին ոչինչ հարկ չհամարեցին հաղորդել, ավելին՝ կառավարության կայքում անգամ չոր ինֆորմացիան չտեղադրվեց։

Գրել էինք, որ երկուշաբթի օրը Արցախից մի քանի հոգանոց պատվիրակություն է եկել Հայաստան, սակայն ո՛չ Փաշինյանը, ո՛չ այլ պաշտոնյաներ երեքշաբթի նրանց չընդունեցին։ Ի սկզբանե ցանկացել էին, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցեն պատվիրակության բոլոր անդամները՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր Վահրամ Բալայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։ Նպատակը Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ Արցախի ճակատագրի մասին տեղեկանալն էր։ Սակայն Փաշինյանը մերժել էր բոլորին ընդունել, ասել էր, որ մյուս պաշտոնյաներին կընդունեն հայաստանյան իրենց գործընկերները՝ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը։ Եվ ընդունել էր միայն Արցախի նախագահին: Մյուս հանդիպումները չեն կայացել:

Երեկ Աստանա մեկնեց Արարատ Միրզոյանը, ապա կմեկնեն Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը: Ենթադրվում է, որ Արցախի պատվիրակության մյուս հանդիպումները կկայանան նրանց վերադարձից հետո։ Ի դեպ, Արցախում անհամբեր սպասում են, թե ինչ լուրերով են վերադառնալու Հայաստան մեկնածները, երեկ նրանց դեռ ոչինչ չէին հաղորդել։

Մանարամսները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս