ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ եւ գույքային առավելություն, այնուհետեւ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն, 2022թ. սկզբին տեղեկանալով, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը կարող են առաջադրվել շուրջ 126.000.000 ՀՀ դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ, իր մտերիմ, նույն վարչության ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ա.-ի հետ ձեռք է բերել հիշյալ ՍՊԸ ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ համաձայնություն` ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելուն նպաստելու դիմաց:
Հիշյալ պաշտոնատար անձինք նախ մտադրվել են նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից էականորեն զեղչված արժեքով ստանալ երկու բնակարանի գնման իրավունք դրանք հետագայում վաճառելու կամ վարձակալությամբ հանձնելու նպատակով, իսկ կաշառքի մյուս մասը որոշել են ստանալ գումարի տեսքով: Ա. Ա.-ն, որը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նշված ՍՊԸ-ի համասեփականատեր Ն. Մ.-ի հետ, վերջինիս հետ հանդիպման ընթացքում նրան ներկայացրել է ընկերության կողմից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը նվազեցնելու դիմաց 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքում զեղչված գնով երկու բնակարանի գնման իրավունք տրամադրելու՝ իր եւ Հ. Մ.-ի պահանջը:
Ընդունելով առաջարկը՝ Ն. Մ.-ն Ա. Ա.-ին եւ Հ. Մ.-ին Երեւան քաղաքի Հ. Մանանդյան փողոցում կառուցվող շենքում էականորեն ցածր արժեքներով վաճառել է երկու բնակարան` տարբերության մասով որպես գույքային առավելություն տալով խոշոր չափերի` 2.297.997 ՀՀ դրամ կաշառք:
Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, ՍՊԸ-ի համասեփականատերը Ա. Ա.-ին է փոխանցել կաշառքի մյուս մասը` 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը, որը վերջինս 2022 թվականի մարտի 21-ին տվել է Հ.Մ.-ին:
Այնուհետեւ Հ. Մ.-ն ու Ա. Ա.-ն, նախնական համաձայնությամբ, որպես կաշառք զեղչված արժեքով ձեռք բերված բնակարանների իրական ծագումը թաքցնելու նպատակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը. բնակարանների գնման իրավունքները գրանցել են այլ անձանց՝ Ա. Ա.-ի եւ Հ. Մ.-ի երկու մտերիմների անուններով:
Արդյունքում՝ 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված եւ նոտարական կարգով վավերացված պայմանագրերով նշված երկու բնակարանները հաշվառվել են հիշյալ անձանց անուններով:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՊԵԿ երկու պաշտոնյաներին եւ ՍՊ ընկերության երկու համասեփականատերերին:
ՊԵԿ պաշտոնյաներ Հ. Մ.-ին ու Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի լվացումը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը): Եվս երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հիշյալ 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ
ՀՀ անկախության տոնի օրը Եռաբլուրում զոհված զինծառայողների՝ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված ծնողների միջադեպով հարուցվել է քրեական վարույթ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում ոստիկանության կարմիր եւ սեւ բերետավորներին, ինչպես նաեւ գրեթե ամեն օր հարցաքննվում են զոհված զինծառայողների ծնողները: Այս պահին քրեական վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ծնողները ինչ են պատմել իրավապահներին: Հարցաքննված ծնողները նշել են, որ ոստիկանները իրենց որեւէ պահանջ չեն ներկայացրել եւ անհամաչափ ուժ են կիրառել:
Տուժած ծնողները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, բայց փորձաքննության պատասխանը դեռեւս չկա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով, նրանց հեռացրեց տարածքից։
Այս դեպքով նաեւ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում կատարվում է ծառայողական քննություն:
Հավելենք, որ միջադեպից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ եւ զոհված զինծառայողների ծնողներ պահանջեցին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը:
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` զինվորական դատախազ դառնալու համար դիմում է ներկայացրել ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, Գլխավոր դատախազությունը զինվորական դատախազ է փնտրում եւ մրցույթ է հայտարարել, որը կկայանա հոկտեմբերի 21-ին. արդեն մեկ անձի՝ զինդատախազ դառնալու դիմում Գլխավոր դատախազությունում է:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 7-ին գրել էր, որ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը պաշտոնից կազատվի, եւ որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել:
ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քաջիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատական նիստերի թիվ 2 դահլիճում, դատավոր Վ. Մարգարյանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0690/01/21 քրեական գործով տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, որպես ամբաստանյալ մասնակցելով դատաքննությանը, վիրավորել է տուժող Արմինե Մուրադյանին՝ ուշադրություն չդարձնելով նախագահող դատավորի կողմից լռելու հորդորներին՝ նման կերպ վիրավորելով դատավարությանը մասնակցող անձանց եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ, ինչի պատճառով դատարանը կիրառել է դատական սանկցիա եւ որոշել է ամբաստանյալ Քաջիկ Աբրահամյանին հեռացնել դահլիճից 10 ժամ տեւողությամբ:
Հիշեցնենք, որ դատավոր Վաչե Մարգարյանի անունը շոշափվեց ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման գործով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ