Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանն ագրեսիա կիրառեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Հայաստանի իշխանություններն ինտենսիվ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, եղել են նաեւ փոխայցեր: ArmLur.am-ը ներկայացնում է այցերի եւ զրույցների վիճակագրությունը սեպտեմբերի 13-ից սկսած մինչեւ հոկտեմբերի 9-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հենց ռազմական գործողությունների առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել նաեւ սեպտեմբերի 16-ին, եւ կրկին անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում էր ՌԴ պատվիրակությունը, որը Երեւանում մասնակցում էր Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին: Իսկ, ահա, սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Նա դիմել էր նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել էր Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել էին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ էր եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տեւական կլինի:
Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ հոկտեմբերի 9-ին ԱԺ պատվիրակությամբ մեկնել ՌԴ:
Արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյան
Հենց սեպտեմբերի 13-ին Միրզոյանը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել: Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։ Ապա հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ներկայացրել իրավիճակը: Ապա Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։ Սեպտեմբերի 21-ին Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:
Պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյան
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:
Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳԻՏԵՆ` ՈՐՏԵՂ Է ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐԸ
19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի տատիկը՝ Սեդա Թորոսյանը, ասում է, որ գիտեն` որտեղ է իրենց զինվորը թաքնվում, բայց Պաշտպանության նախարարությունից փոխանցել են, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք։
Վահեն սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության ներքո է։ Վահեի հոր՝ Արամ Թորոսյանի խոսքով՝ որդուն սեպտեմբերի 12-ին են տարել Ներքին Հանդ, իսկ հաջորդ օրը պատերազմը սկսվել է։ Երեկ 19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Պաշտպանության նախարարության առջեւ բողոքի ակցիա արեցին, սակայն Պաշտպանության նախարարությունից ընդամենը հայտնում են, որ բանակցություններ են վարում, որ ադրբեջանական կողմը թույլ տա մտնել այդ տարածք։ Հոր պատմելով՝ Վահեն սեպտեմբերի 15-ին զանգել է ընկերոջը եւ բացատրել, թե որտեղ է գտնվում։ Հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում նշեցին նաեւ, որ, առանց տարածքին ծանոթ լինելու, իրենք անտառներում մի քանի օր փնտրել են Վահեին։ ՀՀ պաշտպանության նախարարության առջեւ երեկ ոչ միայն Վահեի հայրն էր ներկա, այլեւ նրա հարազատները, հարեւանները: Հարեւանուհու խոսքով՝ Վահեն մոր հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 15-ի առավոտյան: Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հայաստանի քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող եւ 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանում Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանի դատավարության հոկտեմբերի 6-ի նիստում հարցաքննվել են քրեական գործով 4 վկաները, եւ վերացել է Բերդ համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանին կալանքի տակ պահելու իրավական հիմքը։ Հ. Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանը եւ Հայկ Ալումյանը միջնորդություն են ներկայացրել Հ. Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանը հոկտեմբերի 7-ին բավարարել է այդ միջնորդությունը եւ որոշել Հ. Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխել 6 միլիոն դրամ գրավով։
2021թ. նոյեմբերի 9-ից անազատության մեջ գտնվող Հ. Մանուչարյանը հոկտեմբերի 7-ին դուրս է եկել «Արմավիր» ՔԿՀ-ից։ 2012 թվականից՝ Բերդ քաղաքային համայնքի, 2017-ից Բերդ խոշորացված համայնքի ղեկավար, 2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանիների ցանկի առաջին համար Հ. Մանուչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հ. Մանուչարյանը չի ընդունում իրեն առաջադրված քրեական մեղադրանքները՝ դրանք համարելով շինծու։ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը եւ «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ավագանու անդամությունից ինքնաբացարկ են հայտնել։ Ազատության մեջ հայտնվելով՝ Հ. Մանուչարյանը դիմել է իր հայրենակիցներին՝ հայտնելով, որ ավագանու մանդատից հրաժարվելու իր որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին եւ պարտավորություններին, որոնք ինքը ստանձնել է համայնքի բնակիչների առաջ եւ խոսք է տվել իրականացնել:
Մանուչարյանը նշել է, որ համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն իր համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից եւ պաշտոնից, ինքը շարունակելու է ապրել ու աշխատել՝ հանուն Բերդ համայնքի։ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, «Զորավոր համայնք» դաշինքի ավագանիների թեկնածուների ցանկի 36-րդ համար Հասմիկ Մելիքյանը, Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի 44-րդ համար Լեւոն Առաքելյանը դատարանի որոշմամբ գտնվում են երկամսյա կալանքի տակ։ Նրանք մեղադրվում են սեպտեմբերի 25-ի ընտրություններում Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ