ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:
«Մենք մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումների առնչությամբ», – ասել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա)։
Համազեկուցողները հույս են հայտնել, որ Ադրբեջանի զինվորական դատախազության հետաքննությունը հանրային և թափանցիկ կլինի, նաև շեշտել են այն փաստը, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։
«Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են բախումները վերսկսելու համար, Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը՝ համաձայն ԵԽ կանոնադրության։ Հետևաբար, մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անմիջապես հեռացնել ուժերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց հսկողության տակ պահվող ռազմագերիներին։ Հակամարտությանն արդար և տևական լուծում կտան միայն դիվանագիտական միջոցները, ինչն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը», – հավելել են համազեկուցողները։