Ինչ առաքելություն ունի ԵՄ-ն մյուս երկրներում և ինչ է անելու Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար, այս մասին հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։

Փորձենք հասկանալ, թե ինչ կարող են անել նման առաքելությունները եւ ինչ պրակտիկա է առկա աշխարհում։ Նկատենք՝ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունի այս պահին 11 երկրներում, այդ թվում հարևան Վրաստանում՝ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Հենց մեր հարևան երկրի փորձի հիման վրա փորձենք հասկանալ իրավիճակն ու ակնկալիքները։

Վրաստանում առաքելությունը կանգնած է Աբխազիայի եւ Վրաստանի սահմանին մեկ գծում եւ Հարավային Օսեթիայում երկու վայրում։ Այստեղ դիտորդական առաքելությունը ժամանել է Ռուսաստանի եւ Վրաստանի կողմից համաձայնություն ստանալուց երկու շաբաթ հետո եւ սովորաբար պրակտիկա է առկա, որ նրանց ժամանելը երկար չի տեւում։

Ընդգծենք՝ քաղաքացիական առաքելության անդամները չեն կարող իրենք հատել սահմանը եւ պետք է տեղակայված մնան եւ դիտարկումներ անցկացնեն միայն այդ վայրում։ Դիցուք, մեր պարագայում առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ եւս կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։ Նրանք զինված չեն, հետեւաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ եւ նրանց առաքելությունը միայն միջնորդական է։ Օրինակ, եթե ինչ որ խնդիր է առաջանում, ապա նրանք կարող են զանգել ադրբեջանական կողմին եւ փորձեն ընդհանուր հայտարարի հասնել, կարող են հենց սահմանին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել երկու կողմերի միջեւ։

Այսինքն, այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե ինքը կաշխատի առաքելության հետ այնքանով, որքան կառնչվի Ադրբեջանին, չի խանգարելու աշխատանքին, քանի որ այսպես թե այնպես նրանք տեղակայելու եմ հենց ՀՀ սահմանին։ Առավոտից մինչեւ երեկո նրանք պետք է մշտադիտարկումներ անցկացնեն, եթե խախտումներ լինեն, արձանագրեն դրանք, ոչ ավելին։

Ըստ այդմ, ԵՄ առաքելության նպատակներն են՝

. Ապահովել, որպեսզի ռազմական գործողությունները նորից չսկսվեն,

.նպաստել տեղացի բնակչության վերադարձին նորմալ կյանքի, որոնք ապրում են այդ տարածքներում,

. Կոնֆլիկտի կողմերի միջև վստահության ամրապնդում։

Օրինակ հարևան Վրաստանում քաղաքացիական առաքելության անդամների թվում ԵՄ երկրների ցանկից մեծ թիվ են կազմում Գերմանիայի ներկայացուցիչները, իսկ Լյուքսեմբուրգից առհասարակ բացակայում են՝ հաշվի առնելով այդ երկրի փոքր լինելը, ինչպես նաեւ այլ առաջնահերթությունները։ Հետեւաբար Հայաստանի դեպքում եւս հստակ չէ, թե քանի երկրից եւ քանի ներկայացուցիչներ կկանգնեն ՀՀ սահմանին եւ քանի ուղղություններով, սակայն մեր դեպքում եւս ուղղությունները մի քանիսը կլինեն։

Հավելենք, որ սկզբնական շրջանում Վրաստանի սահմանին եւս լարված է եղել, սակայն մինչեւ այժմ արտառոց միջադեպեր այլեւս չեն գրանցվել եւ անգամ Աբխազիայի բնակիչները կամուրջի օգնությամբ կարողանում են գալ Վրաստան, իսկ Օսեթիայի համար նոր է հնարավորություն ստեղծվել գալ Վրաստան՝ սակայն միայն հատուկ օրերի։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս