Տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներն ու առաջին դեմքերը երեկ, իրար հաջորդելով, հայտարարություններ են տարածել, որոնք ուղղակիորեն են կապվում Հայաստանի հետ: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի է տեղի ունեցել, Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի ղեկավարները խոսել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտությունից:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան մշտապես է դիտարկում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցերը: «Բնականաբար, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերին»,- Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահը:
Ի հավելումն Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության: «Բաքուն Երևանի հետ շփումներում բավականին կառուցողական թեզեր է առաջարկել, որպեսզի այդ խաղաղությունը վերջնականապես ձեռք բերվի»,- հայտարարել է Ալիևը։
Պաշտոնական Թեհրանն էլ երիցս խսել է Հայաստանի հետ պատմական սահմանների փոփոխման անթույլատրելիության մասին: Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդիի փոխանցմամբ՝ նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հստակ ասել է՝ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին:
«Թեհրանը նաև դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը»,- հավելել է Ջամշիդին:
Նշենք, որ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի նախագահների շուրթերից երեկ հնչած հայտարարություններից եզրակացնել կարելի է, որ նրանց այդքան էլ դուր չի գալիս տարածաշրջանում Արևմուտքի ակտիվացումն ու իրենց խաղից դուրս մղելու եվրոպական մանևրումները:
Սևակ Վարդումյան