ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արարատի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արտաշատ-Մասիս ճանապարհին հարակից ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկի կանչով նշված վայր են ժամանել երկու անձ: Մոտենալով երիտասարդներին՝ նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել, որից հետո նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել են:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակի 3 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր, վերցվել է հիշյալ ռեստորանային համալիրի տարածքի տեսանկարահանող սարքերի հիշողության պահպանման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական վարույթի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց շրջանակը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: