ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԲԱՆԱԼԻՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել աշխատանքային 2-րդ խմբի  հաշմանդամ,  կենսաթոշակառու  Վեներա Արտուշի Հակոբյանը` նշելով, որ վերջին 17 տարիների ընթացքում հարմարեցված բանալիով իր բնակարանի մուտքի դռան փականը բացելու  եղանակով նույն հարթակում բնակվող Ստեփան Հովհաննիսյանն իր  բնակարանից պարբերաբար գողացել է շուրջ 25 կգ ընդհանուր քաշով  արծաթյա իրեր, ճենապակյա սպասք, սպիտակեղեն եւ անկողնային պարագաներ` իրեն պատճառելով 5 միլիոն դրամի գույքային վնաս: Նրա միակ պահանջն է իր բնակարանից պարբերաբար գողություն կատարած անձին ենթարկել քրեական պատասխանատվության:
Վեներա Հակոբյանը տեղեկացրեց, որ 2009թ. ապրիլի 5-ին դիմել է Հայաստանի  Հանրապետության  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ- Զեյթունի բաժին: 2009թ-ի մայիսի 7-ին  ոստիկանության  Քանաքեռ-Զեյթունի  բաժնի  ավագ հետաքննիչ, ոստիկանության մայոր  Ա.Ղալեչյանը, վերանայելով  վերջինիս հաղորդման հիման վրա  նախապատրաստված նյութերը, որոշում է կայացրել մերժել  ՀՀ քրեական դատական  օրենսգրքի   35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցադեպի բացակայության  պատճառաբանությամբ: Քննիչը պարզաբանել է, որ  կատարված հետաքննությունը ցույց է տվել, որ  Վեներա Հակոբյանը միայնակ  է բնակվում եւ շրջապատի կողմից բնութագրվում է որպես տարօրինակ ու կասկածամիտ անձնավորություն: Դեպքի վայրի  զննության  ընթացքում  առգրավվել են բնակարանի մուտքի 2 դռների փականները, որոնցով նշանակվել է  հետքաբանական փորձաքննություն: Համաձայն փորձագետի թիվ 295 եզրակացության` Վ.Հակոբյանի բնակարանի մուտքի երկու դռների փականները սարքին են, եւ փականների արտաքին եւ ներքին  մակերեսին օտար մարմնի գործադրման հետքեր չեն հայտնաբերվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է նաեւ   դատահոգեբուժական փորձաքննություն: Համաձայն փորձագետի թիվ 93/09 բժշկական  եզրակացության`  Վեներա Հակոբյանը հաղորդում տալու պահին  եւ ներկայումս տառապում է ծերունական  փսիխոզ հոգեկան հիվանդությամբ:  Սակայն ըստ  Վ.Հակոբյանի` ինքը մերժում ստանալուց հետո երեք անգամ` 17.02.2010թ., 28.06.2010թ. եւ 03.02.2011թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանին` տեղեկացնելով  «ոստիկանների անմարդկային  գործողություների մասին», սակայն  մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել: «Ժողովուրդ»-ին դիմած տիկինը նշեց,  որ նույնաբովանդակ նամակ է ուղարկել նաեւ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ նախագահ, ստիպված եմ Ձեզ  դիմում, քանի որ  իրավական համակարգը շրջանցում է գործող օրենքները` չբացահայտելով իմ   նկատմամբ կատարված հանցագործությունը»:   
Անաչառության սկզբունքից ելնելով` թերթը դիմեց նաեւ տիկին Վեներայի հարեւաններին` պարզելու, թե  ինչպիսի անձնավորություն է վերջինս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հարեւանները նշեցին, որ տիկին Վեներան` որպես հարեւան,  թողնում է լավ մարդու տպավորություն: Իսկ դեպքի հետ կապված էլ նկատեցին, որ նրա  պահվածքից կարելի է ենթադրել, թե նա խելառ է, անիմաստ զրպարտում է մարդկանց  եւ  տառապում է  ծերունական փսիխոզով:
 Իսկ տիկնոջ կողմից գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովհաննիսյանի հայրը` Մխիթար Հովհաննիսյանն էլ ասաց. «Դա գիժ ա, պառկել ա հոգեբուժարան, ի՞նչ ա ուզում մեր ընտանիքից, կերավ մեր կյանքը: Նա զրպարտում ա մեր ընտանիքին»: 

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս