«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագծի եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:
-Պարո՛ն Թամրազյան, օրերս ԿԳՄՍ նախարարությունը e-draft հարթակում հրապարակեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագիծը: Արդյոք Դուք ծանոթացե՞լ եք նախագծին եւ ի՞նչ կարծիք ունեք:
-Այո, օրենքի նախագծի այս տարբերակին ծանոթացել եմ: Պետք է նշեմ, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը քննարկվում է արդեն 7-8 տարի, եւ այդ ընթացքում պատրաստվել են օրենքի նախագծի բազմաթիվ տարբերակներ, որոնցից այս մեկը՝ վերջինը, վատագույնն է:
-Կհիմնավորե՞ք:
-Օրենքում բազմաթիվ են իրար հակասող դրույթները եւ տեխնիկական խնդիրները, որոնց չեմ ուզում անդրադառնալ, իսկ ժամկետներում այնպիսի խառնաշփոթ է ստեղծված, եւ այնպիսի անիրատեսական ժամկետներ են սահմանված, որ օրենքի դրույթների իրագործումը դնում է լուրջ հարցականի տակ:
Այնուամենայնիվ, սկսեմ ամենակարեւորից՝ բուհերի ինքնավարության բազմաչարչար հարցից: Բուհի ինքնավարությունը ոչ միայն համընդհանուր նորմ է ներկայիս աշխարհում եւ անշրջելի գործընթաց, այլեւ ՀՀ Սահմանադրության դրույթ:
Չի կարելի օրենքի հիմնավորումը սկսել բուհերի ինքնավարության մեծացման անհրաժեշտությունից եւ օրենքի մի ամբողջ հոդված (հոդված 6) նվիրել ինքնավարությանը՝ սահմանելով բուհի գործունեության հիմնական ոլորտներում ինքնավարության պահանջերը, միեւնույն ժամանակ օրենքի մի շարք այլ հոդվածներով սահմանափակել հատկապես հանրային (պետական) բուհերի առանց այն էլ խոցելի ինքնավարությունը: Մասնավորապես, եթե հիշում եք, 2021 թ. Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքի այն կետը, որով լիազոր մարմնի ղեկավարը ռեկտորին նշանակում էր իր հայեցողությամբ: Ըստ էության, այս կետը պահպանվել է նաեւ օրենքի նոր նախագծում, որտեղ ասվում է, որ լիազոր մարմնի ղեկավարը խոշորացված 8 բուհում 5 տարի ժամկետով ժամանակավոր նշանակում է եւ՛ ռեկտորին, եւ՛ ձեւավորում է կառավարման խորհուրդը, եւ՛ նշանակում խորհրդի նախագահին, առանց հենց նույն օրենքով ռեկտորի ընտության ու խորհրդի ձեւավորման ընթացակարգերի կամ ռեկտորի նպատմամբ սահմանված պահանջների պահպանման: Օրինակ՝ ժամանակվոր ռեկտորին խորհուրդը չի կարող անվստահություն հայտնել:
Կարծում եմ, որ ավելի ազնիվ եւ ճիշտ կլինի օրենքից հանել բուհերի ինքավարության եւ ակադեմիական ազատությունների մասին դրույթները եւ վերադառնալ մինչեւ 2005 թ.-ի իրողությանը, երբ նախարարն էր նշանակում պետական բուհերի ռեկտորներին:
-Իսկ ակադեմիական հանրությունն ինչո՞ւ է լռում:
-Գիտեք այս օրենքի նախագծի այնքան տարբերակներ հրապարակվեցին, քննարկվեցին, արտահայտվեցին հիմնավոր կարծիքներ, տրվեցին գրավոր առաջարկություններ, որոնք շատ դեպքերում հաշվի չառնվեցին, որ հանրությունը եւ, մասնավորապես, ակադեմիական համայնքը կարծես հետաքրքրությունը կորցրել է դրա նկատմամբ եւ արդեն լուրջ էլ չի վերաբերվում:
Ավելին, ակադեմիական հանրույթը վերջերս կրթության առնչվող հարցերին ծանոթանում է բացառապես համացանցից: Օրենքի նախագծի այս տարբերակում, որտեղ կան բազմաթիվ նոր կարգավորումներ, օրինակ՝ կապված նախահավատարմագրման գործընթացի, ինտեգրված ծրագրերի եւ այլ դրույթների հետ, չի քննարկվել ռեկտորների հետ, թեեւ, իմ խորը համոզմամբ, բարձրագույն կրթության օրենքի առաջին շահառուն բուհն է, իսկ օրենքն իրացնողը բարձրագույն կրթության պատասխանատուները: Ինչպե՞ս կարելի է օրենքի նախագիծը հրապարակել, առանց հիմնական շահառուների հետ շահագրգիռ քննարկումներ անցկացնելու: Նույնիսկ հասարակական խորհրդի հետ քննարկում անցկացրել են նախագիծը հրապարակելուց հետո, իսկ ռեկտորների հետ այս տարբերակը ընդհանրապես չի քննարկվել: Արդյունքում հրապարակվել է մասնագիտական, իրավական, ժամկետային, տեխնիկական խնդիրներով տարբերակ:
-Պարո՛ն Թամրազյան, այնուամենայնիվ, երբ Դուք ԿԳՄՍՆ փոխնախարարն էիք, օրենքի այլ տարբերակներ եւս քննարկվում էին, ինչո՞ւ դրանք չընդունվեցին:
-2020 թ. մենք երկար աշխատեցինք օրենքի վրա եւ, բուհերի, շահագրգիռ այլ կողմերի հետ արդյունավետ քննարկումների, ստացված առաջարկությունների հիման վրա, պատրաստեցինք գրեթե բոլորի համար ընդունելի նախագիծ, որն ուներ մի շարք առաջադիմական դրույթներ: Իհարկե, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար կազմը համաձայն չէր, քանի որ կորցնում էր վերահսկողությունը իրեն ենթակա գիտահետազոտական ինստիտուտների նկատմամբ, իսկ բուհերը դառնում էին հետազոտական կենտրոններ՝ կրթության եւ գիտության ինտեգրման համատեքստում:
-Պարո՛ն Թամրազյան, ի՞նչ կարծիք ունեք բուհերի խոշորացման մասին:
-Ընդհանուր առմամբ գտնում եմ, որ բուհերի խոշորացում անհրաժեշտ է, սակայն նախ անհրաժեշտ է մշակել միավորման հստակ սկզբունքներ եւ միավորվող բուհերի յուրաքանչյուր դեպքի համար առանձին ծրագիր: Գործընթացը պետք է բաց, թափանցիկ քննարկվի լայն հասարակության հետ, քանի որ այս հարցը, կարելի է ասել, վերաբերում է բոլորին։
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ «Ազգային հերոսի» կոչման արժանացած Անդրանիկ Փիլոյանը երեկ ազատ է արձակվել: Փիլոյանը պետբյուջե մոտ 37 հազար դոլար է վճարել ու ազատության մեջ հայտնվել: Նշենք, որ նա մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավը ոչ թե այն է, որ Փիլոյանը, ըստ մեղադրանքի, խոշոր չափի կաշառք է վերցնել ու այժմ էլ խոշոր չափի գրավով ազատ է արձակվել, այլ այն, որ քրեական գործով անցնում է մի մարդ, ումից հասարակությանը, որպես ազգային հերոսի, պետք է օրինակ վերցներ:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումն անձմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել է:
Ի դեպ, Փիլոյանին գրավով ազատ արձակելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը: Փաստորեն, ուրույն ձեռագիր է՝ մարդուն մեղադրել «կոռուպցիոն սկանդալի» մեջ, այնուհետեւ Հակակոռուպցիոն դատարանով հենց փող վերցնել ու փոխել խափանման միջոցը:
Փաշինյանի իշխանության ժամանակ Ազգային հերոսի կոչում ստացածների մեջ է նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Նա, ի դեպ, լրատվամիջոցների հետ զրույցում չի բացառել, որ օրվա՝ իրեն «հերոսացրած» իշխանությունը վաղը, մյուս օրը իր անձի նկատմամբ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնել:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետեւ հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Մանվել Գրիգորյանի դեպքը հիշենք, թե ինչպես 2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին նա սեղմեց Փաշինյանի իշխանության ձեռքը, ու ինչպես հեղափոխականները վարվեցին նրա հետ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԿՔՆՆԱՐԿԵՆ
«Եվրամիության անդամ երկրների դեսպանները երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ակնկալվում է, որ կհանդիպեն Բրյուսելում, կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ»,- Եվրախորհրդարանում դեռ երեկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է հայտնել:
Առաքելությունը, նշենք, Ադրբեջանի հետ սահմանին դիտորդներ տեղակայել է նշանակում, որ կամրապնդի երկուստեք վստահությունն ու կնպաստի դելիմիտացիայի իրականացմանը:
Նշենք, որ Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցություններից հետո:
Քառակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Բաքուն, որ մինչ այդ մերժել էր տեղում եվրոպական զինված ուժեր տեղակայելու առաջարկը, այժմ խոստացել է համագործակցել անզեն առաքելության դեպքում:
ԵԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնացել է դրանք կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղուն։ Բացի այդ, նա ավելացրել է, որ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձին դիտարկել։
«Ըստ սկզբունքային կետերի (դրանք հինգն են)՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը եւ այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Բաքվի ու Երեւանի բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, չեն կարող միմյանցից անկախ ընթանալ։
Հիշեցնենք, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: