Երկու օր առաջ Քննչական կոմիտեն Քննչական կոմիտեի ծառայողների օրվա կապակցությամբ մի շարք քննիչների պարգեւներ շնորհեց: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի անվան հուշամեդալ ստացավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Նիկոլ Փաշինյանի, Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:
Ի դեպ, գրել էինք, որ այս տարի լրացավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով 4-րդ տարին:
Դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր:
Այս գործով երեքն էլ որպես տուժող են ճանաչվել ու հարցաքննվել: Նկատենք, սակայն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նրանք հարցաքննվել էին 1.5 տարի առաջ: Ըստ էության, 4 տարվա ընթացքում իրավապահներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել գաղտնալսման դեպքն ու պարզել, թե, ի վերջո, ով էր կազմակերպել, իրականացրել, այնուհետեւ հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի եւ Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց՝ 2020 թվականի հունիսի 10-ին, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ եւ սպասում են պատասխաններին, սակայն պատասխանները այդպես էլ չեկան:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին եւ խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Այլ ուժային կառույցներից էլ են գործին խառնվել, բայց դարձյալ սայլը տեղից չի շարժվել։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԵԾԵԼ ԵՆԱՐԵՎԱՇԱՏՑՈՒՆ
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները եւ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի Հայկ Բժշկյանց փողոցի գիշերային ակումբում վիճաբանություն էր եղել Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի 34-ամյա մի բնակչի եւ երեւանցի երկու եղբայրների միջեւ:
Ոստիկանությունից հայտնում են, որ վիճաբանությունն այնուհետեւ շարունակվել էր դրսում: Եղբայրները ծեծի էին ենթարկել 34-ամյա արեւաշատցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ ստացված տեղեկության՝ եղբայրները խուլիգանությունը կատարել էին գազային ատրճանակի գործադրմամբ:
Դեպքի առթիվ հոկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 10-ին 28-ամյա եղբայրները հայտնաբերվել եւ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Պատճառվել է նյութական վնաս: Բախումից րոպեներ անց՝ ժամը 19.45-ի սահմաններում, նույն վայրում «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի եւ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 22.30-ին, «ԳԱԶ-24»-ի 67-ամյա վարորդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ժամը 23.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկվածներից 31-ամյա Մնացական Սողոմոնյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ առավոտյան՝ լուսադեմին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից ահազանգել են իրավապահներին, որ «առաջակողային մակերեսի չթանփացող ծակած-կտրած վերք անցումով որովայնի առաջային պատ ձախից արտաքին արնահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել անչափահաս Նարեկ Պ-ն: Անմիջապես հիվանդանոց են գնացել իրավապահները, որտեղ Նարեկ Պ-ն պատմել է, թե, իբր, ընկել է առվի մեջ:
Իրավապահները չեն հավատացել տղայի խոսքերին եւ սկսել են ուսումնասիրել դեպքը: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վիճաբանություն է եղել, որի ժամանակ Հովհաննես Ա-ն դանակով հարվածել է Ն.Պ-ին՝ պատճառելով նշված մարմնական վնասվածքը: Այս պահին իրավապահները փնտրում են դանակահարողին:
Իսկ ինչո՞ւ են դանակահարել անչափահաս տղային: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ վեճը սկսվել է աղջկա համար:
ԿԱՆԽԵԼ ԵՆ ԿԱՄՐՋԻՑ ՆԵՏՎԵԼԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 31 տարեկան տղամարդը փորձել է իրեն ցած նետել Կիեւյան կամրջից: Վերջինիս նկատել են ոստիկանները եւ երկար ժամանակ նրա հետ զրույցից հետո կարողացել են կանխել նրա գործողությունը: Ի դեպ, իրավապահները արձանագրել են, որ սա առաջին դեպքը չէ, որ նույն տղամարդը գալիս է կամրջի մոտ եւ փորձում վերջ տալ կյանքին: Նա մի քանի անգամ նման փորձեր արել է, սակայն ոստիկանները կանխել են:
ԴԱՆԱԿԻ ՀԱՐՎԱԾՆԵՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11.10-ին, «Տոնոյան» հիվանդանոցից իրավապահներին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Տիգրան Հարությունյանը:
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ եղել է վիճաբանություն, ինչի ժամանակ Տիգրան Հարությունյանին դանակի հարվածներ է հասցրել եւ մարմնական վնասվածքներ պատճառել Ղուկաս Գրիգորյանը: Վերջինիս իրավապահները փնտրում են: Ի դեպ, դանակահարված երիտասարդը եւ դանակահարողը ուսանողներ են:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ