Կառավարությունը հաստատել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը եւ միջոցառումների ցանկը։
Ծրագրի խնդիրներն են օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների եւ մարզաձեւերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման եւ մասնակցության ապահովումը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական եւ տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը, ինչպես նաեւ բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման եւ զարգացման համար պայմանների ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն, որը պայմանավորված է նոր միջոցառումների նախատեսմամբ եւ նախապես նախատեսված չափաքանակների հիմնավորված գերազանցմամբ:
Մասնավորապես 2022 թվականին աջակցություն ստացած 33 մարզական ֆեդերացիաների փոխարեն՝ 2023 թվականին ֆինանսական աջակցություն կստանան 36-ը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն է առաջացել նաեւ դոպինգի դեմ պայքարում: 2022 թվականին մարզական միջոցառումների օրացույցում հայտնվել են նոր մրցումներ, որոնք դոպինգի օգտագործման տեսանկյունից բարձր ռիսկեր ունեն: Մասնավորապես, պարտադիր է դարձել դոպինգ թեստավորման (20-24 թեստ) անցկացումը «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի, լողի եւ վազքի մրցումների ժամանակ: 2022-2024 թվականներին Հայաստանում կայանալու են միջազգային խոշոր մրցումներ՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ, որտեղ մեծ թվով թեստերի քանակը (80-100 թեստ) եւս պարտադիր է։ Նախատեսվում են 2 նոր միջոցառումներ՝
-ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում,
-«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում:
Այսպիսով, սպորտի բնագավառի պետական քաղաքականությունը միտված է երկու կարեւոր նպատակների:
Առաջինը բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումն է, որը ներառում է բնակչության բոլոր շերտերի ներգրավվածությունը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայականացման, բնակչության ֆիզիկական դաuտիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման շրջանակը:
Երկրորդ առաջնահերթությունը միտված է միջազգային մրցասպարեզներում հայ մարզիկների մեդալների նվաճմանը, նոր ռեկորդների գրանցմանը, օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում, ազգային եւ այլ մարզաձեւերում, ադապտիվ սպորտում նոր հաջողությունների արձանագրմանը: