Հոբելյանական 20-րդ «Հայ ֆեստ» (HIGH FEST) կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որը կրում էր The next 20 years will be better! («Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը») խորագիրը, անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը՝ հյուրընկալելով 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից եւ այլ երկրներից:
Փառատոնին երեւանյան 14 բեմահարթակներում ցուցադրվել է ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն են ունեցել դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է եղել, որի ցուցադրությունը մեծ հաջողություն է ունեցել: Երեւանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես են եկել Երեւանի կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային եւ «Միհր» թատրոնները:
Հիմնական ծրագրից բացի, փառատոնի ընթացքում վարպետության դասեր են անցկացրել թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):
«Արդի հայ թատրոն. նոր միտումներ եւ հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով միջազգային գիտական նստաշրջանի շրջանակներում «Հայ ֆեստ» փառատոնի հետ համագործակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատերագիտություն» (Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej, խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին, 2021, N 2, Վարշավա) եռալեզու գիտական հանդեսի շնորհանդեսը: Հանդեսի այս համարի կենտրոնում հայ թատրոնն է, շապիկին` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարը եւ FOKUS: ARMENIA գրությունը։ Հանդեսում գիտական հրապարակումներով հանդես են եկել Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), Նարինե Սարգսյանը (Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ), Անուշ Ասլիբեկյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Սառա Նալբանդյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Նազենիկ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Անահիտ Բեքարյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ):
Փառատոնին ներկայացումներ են ցուցադրվել նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:
«Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2019-2021 թվականներին Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել եւ ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Հոբելյանական փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ» ՄՐՑԱՆԱԿ
Դերասաններ Արմեն Քուշկյանն ու Գոռ Համբարձումյանը հոկտեմբերի 5-8-ը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած ATSPINDIS միջազգային թատերական XVIII փառատոնին:
Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լեւ Նիկոլաեւիչ Միշկին» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, իսկ Գոռ Համբարձումյանը հանդես է եկել «MENախոսություն» մոնոներկայացմամբ, որի ռեժիսորը Տաթեւիկ Մելքոնյանն է: Այն «Արմմոնո» փառատոնի նախագիծն է:
Հայկական պատվիրակության կազմում է եղել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
«Նաստասիայի դերում՝ իշխան Լեւ Նիկոլաեւիչ Միշկին» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի մատուցմամբ, արժանացել է փորձագետների, հանդիսատեսի բարձր գնահատականին եւ փառատոնի գլխավոր մրցանակներից մեկին՝ «Հանդիսատեսի համակրանք»-ին:
ՀՐԱԺԱՐՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադեւոսյանը չի շարունակի աշխատանքը ՀՖՖ-ում: Այս մասին Թադեւոսյանը հայտնել է սոցցանցերում կատարած գրառմամբ. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլեւս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։ ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան»: Թադեւոսյանը կշարունակի ֆուտբոլային գործունեությունը:
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
Disney-ը «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հիման վրա նոր նախագիծ է սկսել, որը կնկարահանվի գիտական ֆանտաստիկա եւ ֆենթըզի ժանրերում։ Սցենարային աշխատանքներն իրականացնում է «Գրեյսը Մոնակոյից» կենսագրական ֆիլմի հեղինակ Արաշ Ամելը։ Սյուժեի մանրամասները չեն հրապարակվել: Անհայտ են նաեւ ֆիլմի ռեժիսորի անունն ու թողարկման ամսաթիվը: Deadline-ի տեղեկությունների համաձայն՝ ֆիլմը ներշնչված կլինի միջնադարյան արաբական եւ պարսկական հեքիաթներից ու լեգենդներից։
Էկրանավորման շրջանակում անդրադարձ չի լինի մեկից ավելի էկրանավորված Ալադին, Սինբադ եւ Ալի Բաբա կերպարներին։ Ամելը նաեւ աշխատել է Ռոզամունդ Պայքի մասնակցությամբ «Անձնական պատերազմ» ֆիլմի վրա։
3-ՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ
Իտալացի պրոդյուսեր Լորենցո Միելին հայտարարել է HBO-ի արտադրական «Երիտասարդ Պապը»-ը նախագծի հնարավոր 3-րդ եւ վերջին եթերաշրջանի մասին. սցենարի վրա աշխատում է սերիալի ստեղծող Պաոլո Սորենտինոն։ «Պաոլոն մի գաղափար ունի, որը, հավանաբար կյանքի կկոչվի: Երրորդն ու վերջինը», – ընդգծել է Միելին Deadline-ին տված հարցազրույցի ընթացքում: Պրոդյուսերը չի նշել, թե եզրափակիչ եթերաշրջանում ով է մարմնավորելու Պապի կերպարը: Թե ով է խաղալու գլխավոր դերը եզրափակիչ սերիայում, պրոդյուսերը չի ասել։ «Երիտասարդ Պապը» նախագծի պրեմիերան կայացել է 2017 թվականին` ներկայացնելով Լենի Բելրդոնին (Ջուդ Լոու)՝ առաջին ամերիկացին, որը դարձել է Հռոմի պապ: Դերասանը կերպարի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների։ Երկրորդ սեզոնը, որը կոչվում է «Նոր Պապը», թողարկվել է 2020 թվականին՝ Ջոն Մալկովիչի գլխավոր դերակատարմամբ։