ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 111

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019-ի մայիսի ութին (այդ օրն, ի դեպ, Շուշիի ազատագրման օրն է, ու հայ հասարակությունը դեռ եռատոն նշելու սիրտ ու տրամադրություն ուներ) այդ ժամանակ արդեն մեկ տարվա ստաժով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին, նորից, երիցս, հերթական անգամ ու առանց հոգնելու խոսում էր իր թերեւս ամենասիրելի թեմաներից մեկի՝ բանակում զինվորին «շապիկ, ներքնազգեստ» տալու մասին։ Փաստերից 13-րդը հետեւյալն էր. «Ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը»,- նշում էր նա։

Օրերս, երբ արդեն ոչ թե մի քանի տասնյակ լրատվամիջոցների ու լրագրողների, այլ սոսկ Հանրային հեռուստաընկերության հարցերին էր պատասխանում, պարոն Փաշինյանը երիցս պնդեց՝ բանակը որեւէ բանի կարիք չունի, բայց բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, բանակում մեր եղբայրները, զավակները, ընկերները, հայրերն ու հարազատներն են ծառայություն անցնում, որոնց հորդորով, խնդրանքով ու անգամ պարտադրանքով քլունգ էլ, բայ էլ, գուլպա ու շապիկ էլ մարդիկ ուղարկում են առաջնագիծ, դեռ չասած 2020-ի լայնամասշտաբ պատերազմի մասին, երբ զինվորական հոսպիտալներում անգամ լարանի, բինտի ու պինցետի խնդիր կար։  Փաշինյանի մեծամեծ պնդումները, թե բանակը որեւէ բանի պակաս չունի, ոչ այլ ինչ է, քան պարզագույն սուտ։

Ի դեպ, առավել քան զավեշտալի, տարօրինակ ու անտրամաբանական է Փաշինյանի այն հրահանգը ԶՈւ հակահետախուզությանը, որ պետք է ստուգեն, թե բանակի համար փողոցում բահեր ու շապիկներ հավաքագրողներն իրականում ինչ են անում հավաքագրած ապրանքը։ Բանակը, փաստորեն, ամեն խաղ խաղացել էր, հիմա էլ իր՝ առանց այն էլ քիչ աշխատավարձից գումար տնտեսող ու զինվորի համար գուլպա գնող տատիկ-պապիկներով ու դրանք հավաքագրող երիտասարդներով պետք է զբաղվի։

 

 

 

Ինչպես հայտնի է, Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ դելիմիտացիային նպաստելու համար. այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ Նկատենք՝ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունի այս պահին 11 երկրներում, այդ թվում՝ հարեւան Վրաստանում, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Սովորաբար պրակտիկա կա՝ առաքելության ժամանումը երկար չի տեւում՝ մոտ երկու շաբաթ։ Ընդգծենք՝ քաղաքացիական առաքելության անդամները չեն կարող իրենք հատել սահմանը եւ պետք է տեղակայված մնան, դիտարկումներ անցկացնեն միայն այդ վայրում։ Դիցուք, մեր պարագայում առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։ Նրանք զինված չեն, հետեւաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ, եւ նրանց առաքելությունը միայն միջնորդական է։ Օրինակ՝ եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա նրանք կարող են զանգել ադրբեջանական կողմին եւ փորձել ընդհանուր հայտարարի հասնել, կարող են հենց սահմանին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել երկու կողմերի միջեւ։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե ինքը կաշխատի առաքելության հետ այնքանով, որքանով կառնչվի Ադրբեջանին, չի խանգարելու աշխատանքին, քանի որ, այսպես, թե այնպես, նրանք տեղակայվելու են հենց ՀՀ սահմանին։ Առավոտից մինչեւ երեկո նրանք պետք է մշտադիտարկումներ անցկացնեն, եթե խախտումներ լինեն, արձանագրեն դրանք, ոչ ավելին։ Շատ կարեւոր հարց է, թե որտեղ պետք է կանգնեն այդ դիտորդները։ Հայաստանը պետք է պահանջի, որ նրանք տեղակայվեն այն տարածքներում, որը եղել է մինչեւ 2021 թվականի մայիսի 12-ը, երբ ադրբեջանական զորքերը մտան ինքնիշխան ՀՀ։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն: Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր: Այժմ կվերսկսվի այս մասով քննությունը: Թե ինչ ավարտ կունենա, թերեւս դժվար չէ կանխատեսել:

 

 

 

Հայաստանի առեւտրի խոշոր կենտրոնները խոշորացույցի տակ են։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների շարք է սկսել երեւանյան տոնավաճառներում: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեսչական մարմինը նորից ստուգումներ է իրականացրել: Այժմ ստուգման արդյունքներն ամփոփման փուլում են, առաջիկա օրերին հայտնի կլինի՝ «Սուրմալու»-ն փակվելու է, թե շարունակելու է աշխատել: Չի բացառվում, որ դադարեցվի առեւտրի կենտրոնի գործունեությունը: Բացի այս, «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումներ իրականացվել են նաեւ Մալաթիայի տոնավաճառում: Տեսչական մարմնից փոխանցեցին, որ բոլոր այն օբյեկտները, որոնք 2021 թվականին ստուգվել են, կարգադրագրի ժամկետները լրացել են, տեսչական մարմինը նորից ստուգում է իրականացնում: Շուտով կստուգվեն նաեւ մյուս առեւտրի կետերը, այդ թվում՝ «Գնունի» շուկան: Նշենք, որ ավարտվել են «Փեթակ»  առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումները, ինչի արդյունքում գործունեության դադարեցման որոշում է կայացվել:




Լրահոս