Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ասաց, որ Փաշինյանի հետ հիմնականում Հայաստանի արտաքին քաղաքականության ու արտաքին վեկտորի հետ կապված հարցեր են քննարկել: Նրա փոխանցմամբ՝ թեեւ որոշակի անհամաձայնություններ ունեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասով, բայց հասկանում են՝ այս պարագայում ու այս իրավիճակում միջանկյալ ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրվի:
-Պարո՛ն Խզմալյան, Դուք հանդիպում եք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։ Որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ՝ ինձ հետաքրքրում է՝ ինչ հարցերի շուրջ եք զրուցել նրա հետ։
-Մենք զրուցել ենք մեր վերջին հանդիպումների մասին: Քննարկել ենք նրա արտաքին քաղաքական քայլերը Նյու Յորքում, Փարիզում, Պրահայում, եւ ընդհանուր խոսակցությունը վերաբերում էր այդ հարցերին: Քննարկեցինք, մեր կարծիքները հայտնեցինք եւ համեմատեցինք մեր մոտեցումները։ Հայաստանի եվրոպական կուսակցությունը Արցախի եւ Հայաստանի համար իր աջակցությունն է հայտնում Արեւմուտքի հետ մերձեցմանը եւ եվրոինտեգրմանը միտված կառավարության քայլերին:
-Իսկ Դուք տեսնո՞ւմ եք, որ կառավարությունը իսկապես գնում է մերձեցման քայլերի Արեւմուտքի հետ, թե պարզապես արտաքին շղարշ է:
-Մենք դա տեսնում ենք եւ համոզված ենք դրանում: Դա ոչ միայն մեր կառավարության բարի կամքն է մեզ թելադրում, այլ այն, որ քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ Արեւմուտքի շահագրգռվածությունը դրանում մեծ է, եւ այդ շահագրգռվածությունը տեսնելով՝ մեզ ավելի մեծ վստահություն է ներշնչում:
-Հետեւաբար ի՞նչ եք կարծում, այս կառավարությունը ավելի ընդգրկված կլինի՞ եվրոպական հարցերում ձեր տեսակետը նկատի առնելու:
-Ես վստահ եմ եւ ասել եմ՝ մենք աջակցում ենք այս քաղաքականությանը ոչ այն պատճառով, որ մենք ենք ընդունել այս կառավարության դիրքորոշումը, այլ կառավարությունն է ընդունել այն դիրքորոշումը, որ տարիներ շարունակ արտահայտում էր Եվրոպական կուասակցությունը:
-Այս օրերին հաճախ է խոսվում Ադրբեջանի հետ, այսպես ասված, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Թե՛ Հայաստանի կողմից, թե՛ Ադրբեջանի կողմից մամուլի եւ հասարակության հիմնական խոսակցությունը դա է: Այս հարցերի շուրջ ի՞նչ խոսակցություններ եք ունեցել Փաշինյանի հետ:
-Մենք ունենք անհամաձայնության եզրեր այդ հարցում, բայց սկզբունքորեն մենք համարում ենք, որ որեւէ միջանկյալ լուծում պետք է: Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական զարգացումները շլացուցիչ են, եւ տեսնում եք՝ ինչ է կատարվում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Մենք հասկանում ենք, որ դա բերելու է անխուսափելի քաղաքակրթական փոփոխությունների: Նման պայմանագիրը, որը կանվանենք խաղաղության պայմանագիր կամ այլ կերպ, այս պահին կհամարվի ընդունելի։ Եթե Հայաստանը հետեւողականորեն լինի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ, ապա գնալով ժողովրդավարական պետության եւ բռնապետական Ադրբեջանի քաղաքական դիրքերը եւ քաշը միջազգային ասպարեզում գնալով ավելի են տարբերվելու՝ ի օգուտ Հայաստանի։ Մենք տեսնում ենք այս խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները՝ որպես անհրաժեշտ դիվանագիտական փուլ։
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱՌԱՆՑ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ԵՎ ՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վստահաբար կարելի է պնդել, որ Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանի մոնոներկայացումը բավականին շեղվել է նախնական սցենարից: Ներկայացման նախնական անոնսից, որ բավականին անհանգստացրել էր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների, բայց փոխարենը մեծ ինտրիգ առաջացրել հասարակության մոտ, բուն ներկայացման մեջ միայն Մարությանի ձեռքի արկղն էր մնացել, ինչն էլ գրկած բեմ է մտնում, ակնդետ նայում իր իսկ՝ քաղաքապետի երդմնակալության օրն արված լուսանկարին ու բացականչում՝ անասո՛ւն էլի:
«Սուպերքաղաքապետի» մոնոներկայացման մեջ սուր անկյուններ, կոնկրետ, թիրախային ու հետաքրքիր քննադատություն չկար: Մարությանը, ասես շառից-փորձանքից հեռու տարբերակն ընտրելով, զգուշացել էր՝ իշխանական որեւէ տեսակի մահակ չիջնի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ նա իր ներկայացման մեջ մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրություններն օգտագործել, բայց նախկին քաղաքապետը, ըստ երեւույթին, վախեցել կամ կաշկանդվել է նման քայլի գնալ ու բավարարվել է՝ սոսկ ներկայացման մեջ կեղծ voicer տեղադրելով: Բեմադրության մեջ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, թե՛ կառավարական կաբինետի ներկայացուցիչների, թե՛ ԱԺ պատգամավորներից որեւէ մեկի ու թե՛ անգամ Էդմոն Մարուքյանի մասին թթու խոսք, սուր քննադատություն կամ սարկազմ չկար: Հանդիսատեսն անատամ այս ներկայացման մեջ ոչ միայն ինտրիգ, այլ տողատակեր կամ ենթատեքստեր չի կարող տեսել կամ գտնել. դրանք պարզապես բացակայում են:
Եթե կարճ բնութագրելու լինենք Մարությանի մոնոներկայացումը, ապա, միանշանակ, ինտրիգների սպասումով տոմս գնող հանդիսատեսի հույսերը չեն արդարանալու. այնտեղ, բացի «թեթեւի մեջ» խայթոցներից թե՛ նախկիններին, թե՛ նորերին, ուրիշ ոչինչ չկա: Սա ավելի շատ ինքնամաքրման ակտի նմանվող բեմադրություն է, որտեղ Մարությանը, ինչքան հնարավոր է, փորձում էր իր իսկ սահմանած սպիտակ քողի ներքո հանդես գալ»:
ԿՀԱՏԿԱՑՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի գլխավոր դատախազությանը 40 մլն դրամ գումար կհատկացվի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ գումարը տրվելու է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից իրականացվող փորձաքննությունների ծառայությունների համար:
Պարզվում է՝ 2022 թվականի պետական բյուջեով փորձաքննությունների ծառայությունների համար նախատեսված ավելի քան 14,5 մլն դրամ գումարն ամբողջությամբ սպառվել է: Այս պահին ընդհանուր հաշվարկով ենթակա է վճարման 20 մլն 610 հազար դրամ գումար: Ավելին՝ առաջիկա 4 ամիսների ընթացքում անհրաժեշտ կլինի նվազագույնը եւս 20 մլն դրամի չափով գումար իրականացվող փորձաքննությունների ծառայությունների դիմաց վճարում կատարելու համար:
ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՎԱԽԵՑԱԾ
Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել վերոնշյալ անձանց հետ ու պարզել՝ ինչ են քննարկել վարչապետի հետ: Մեզ միայն Խզմալյանի հետ խոսել հաջողվեց, մյուսները, ըստ երեւույթին, ինչ-որ բանից վախենալով կամ կաշկանդվելով, խուսափեցին խոսել կամ կապի դուրս գալ: Շիրինյանը, օրինակ, լսելով, որ լրագրող է զանգահարողը, բավական անքաղաքավարի կերպով ցած դրեց հեռախոսը: ՍԴՀԿ-ից խոստացան՝ Աճեմյանն անպայման կկապվի ու կզրուցի մեզ հետ, Սամվել Բաբայանի կուսակցության ներկայացուցիչ Տերտերյանը կարդաց մեր՝ իրեն ուղղված հաղորդագրությունները, բայց ո՛չ Աճեմյանը, ո՛չ Տերտերյանը կապի դուրս չեկան մեզ հետ: Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի ու Դավիթ Սանասարյանի հետ նույնպես կապ հաստատել չստացվեց: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի հետ, ըստ երեւույթին, մեծ սիրով հանդիպման գնացող քաղուժերը, որ հիմնականում պրոարեւմտյան կողմնորոշում ունեն, վախենում են շփվել լրագրողների հետ կամ էլ կաշկանդվում ու ամաչում են հանգամանքից, որ Փաշինյանի հետ են հանդիպում: