7 ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1990-ականների վերջից մինչեւ 2020-ի պատերազմը բանակցային սեղանին դրված են եղել Արցախյան հարցի կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք այս ընթացքում տարբեր անվանումներ են ստացել: ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի մինչեւ այս եղած սկզբունքներն ու հարցի կարգավորման տարբերակները, դրանց ձախողման պատճառները:

 

Փաթեթային եւ փուլային տարբերակները մերժելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1998-ի նոյեմբերին կողմերին  առաջարկեցին նոր տարբերակ: Նոր՝  «Ընդհանուր պետության» տարբերակում Ղարաբաղի կարգավիճակի մասին ասվում էր.՝ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում է եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Այս տարբերակով եւս հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից՝ բացառությամբ Լաչինի: Փաստաթղթում առանձին կետերով նշվում էր, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Շուշի, հայերը՝ Շահումյան։

Սակայն Ադրբեջանը «Ընդհանուր պետության» գաղափարը մերժում է: Հայաստանն ու Ղարաբաղը լուրջ վերապահումներով ընդունում են միջնորդների առաջարկած «Ընդհանուր պետության» տարբերակը` որպես բանակցությունների հիմք: Շատ է քննարկվում նաեւ Քի-ուեսթյան տարբերակը, որը դեռ գաղտնազերծված չէ: Ըստ առկա տեղեկատվության՝  այս տարբերակով Ղարաբաղը Լաչինի միջանցքով պետք է միացվեր Հայաստանին, իսկ Ադրբեջանը՝ Մեղրիի միջանցքով Նախիջեւանին:

Քի-ուեսթյան բանակցություններից սկսած՝ Ղարաբաղը որպես կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից, իսկ բանակցությունների ժամանակ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը:

Հետագայում՝ արդեն բանակցությունների ընթացքում, միջնորդները Հայաստանին ու Բաքվին ներկայացնում են Մադրիդյան սկզբունքները:

 

 

 

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ

Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով։

Նա հիշեցրել է Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա վերջին ռազմական գործողություններից հետո առաջին հանդիպումն էր նման ձեւաչափով, ինչպես նաեւ պետքարտուղարի վերջին հեռախոսազանգերը ԱԳ նախարարներին։ Բացի այդ, Փրայսը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ամենօրյա շփումների մեջ է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ։

«Ուստի մենք շարունակելու ենք այս հարցում ներգրավված մնալ։ Չեմ կարող խոստանալ հստակ արդյունք, սակայն կարող եմ խոստանալ, որ սա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը։

 

 

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Երեկ Ալավերդի համայնքի ավագանու անդրանիկ նիստն էր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այստեղ, ըստ նախնական պայմանավորվածության, համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել են 13-ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ չէր հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով 1 մանդատ ստացավ, որովհետեւ, համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԵԼ Է

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:Վարչապետի աշխատակազմից նաեւ հայտնեցին, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երեւան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը:

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է, որ երեկ խորհրդարանում հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոնի հետ: Քննարկել են  մեր գերիներին, անհետ կորածներին, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին առնչվող կենսական հարցեր: Իր գործընկերներ պարոն Ռիբոնի եւ Հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ անցկացրել են բավականին կարեւոր հանդիպում եւ արդյունավետ քննարկում:

 

 

 

ԵՎՐՈՊԱՆ ԿՄՐՍԻ

Եվրոպական լրատվամիջոցները կանխատեսում ու զգուշացնում են՝ մոտալուտ ցրտի հետ կարող է սաստկանալ նաեւ Արեւմուտքի երկրներում տիրող իրավիճակը։ Բանն այն է, որ, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաեւ «Հյուսիսային հոսք» գազատարի տուրբինների անսարքության հետեւանքով Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի ծավալն էականորն կրճատվել է։ Դա լրջագույն խնդիրներ է ստեղծել եվրոպացիների համար։ Լրատվամիջոցները գրում են, որ Արեւմուտքի ժողովուրդները ստիպված են խանայողաբար օգտագործել վառելիքից ստացվող էներգիան՝ տան ջեռուցումից ընդհուպ լոգանք ընդունելը։ Մամուլը գրում է, որ առանձնատներում մարդիկ, այո, կարող են բուխարի վառել ու տաքանալ, եթե, իհարկե, կարողանան վառելափայտ ձեռք բերել։ Ինչ վերաբերում է բնակարաններին, ապա կանխատեսվում է, որ այստեղ պետությունը ջերմաստիճանի հստակ սանդղակ կսահմանի (ըստ երեւույթին, 15 աստիճան), ու մարդիկ ստիպված կլինեն ձմեռն անցկացնել այդ պայմաններում։

 

 

 

ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ադրբեջանը «Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի ընդլայնված տարրերը», հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բիշքեկում հարցազրույց տալով ադրբեջանական հեռուստաընկերություններին։ Նա Բիշքեկում Ադրբեջանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է։ AzTv-ի հողորդման համաձայն՝ Բայրամովն ասել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված 5 հիմնական սկզբունքները, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու հիմքը հանդիսանան։ Նա նշել է, որ «Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցությունների առաջընթացով», մասնավորպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, հաղորդակցության ուղիները բացելու եւ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու համար։ «Այս հարցերը հանդիպումների ընթացքում մշտապես բարձրացվում են, եւ Ադրբեջանը ներկայացնում է իր դիրքորոշումը»,- ասել է նա։ Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը պլանավորվում է անցկացնել հոկտեմբերին Բրյուսելում։

 

 

 

 




Լրահոս