Շվեյցարիայի Ժնևի կանտոնի նահանգային մեծ խորհուրդը հոկտեմբերի 14-ին քննարկեց և ընդունեց «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության (Parti socialiste suisse) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Parti démocrate-chrétien) մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևով մասնավորապես կոչ է արվում Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից։
Բացի այդ, կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։