Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին եւս չպետք է մոռանա։ Այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը եւ Միշել Մատերը, որոնք հոկտեմբերի 15-ին Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱԺ կայքի փոխանցմամբ, Շվեյցարացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում:
Շվեյցարացի պատգամավորները Հայաստանում են քառօրյա աշխատանքային այցով:
Պատգամավորները նախատեսում են այցելել նաեւ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության ենթարկված բնակավայրեր: