Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապ ոստիկաններ մոտենան Երևան-Երասխ ճանապարհի ռեստորաններից մեկը, որտեղ վիճաբանություն է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.55-ի սահմաններում Երևան-Երասխ մայրուղու ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են: Այդ ընթացքում նրանց է մոտեցել «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կամ ուղևորը մի քանի կրակոց են արձակել, ինչից հետո մեքենան հեռացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների, ՊՊԳՎ և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Նոր Խարբերդ գյուղի 30-ամյա մի բնակիչ և ներկայացնելով «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ, 9 մմ տրամաչափի դատարկ փամփշտատուփ՝ հայտնել է, որ ռեստորանային համալիրում նշված ատրճանակից կրակոցներ է արձակել ինքը:
30-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Քրեական վարույթը շարունակվում է: