2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսեթիան լքած փախստականների համար նոր բանակավայր է կառուցվել Վրաստանում՝ Մցխեթի շրջանում գտնվող Ծերովանի ավանում: Այս վայրում ռուս-վրացական պատերազմից հետո կառավարության կողմից կառուցվել են ավելի քան 2000 տնակներ, որտեղ մինչ այժմ էլ բնակվում են հազարավոր բնակիչներ։ Բնակավայրը գտնվում է Թբիլիսի և Գորի քաղաքների միջև ընկած դաշտում, որը մինչ այդ ամայի էր:
ArmLur.am-ի թղթակիցը գտնվել է Ծերովանի բնակավայրում, կարողացել զրուցել պատերազմի հետեւանքով տեղահանված բնակիչների հետ եւ սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Բնակիչները մեզ հետ զրույցում որպես հիմնական խնդիր մատնանշում էին աշխատատեղերի բացակայությունը, հետեւաբար եւ ֆինանսական խնդիրների առկայությունը:
Նաիրան պատերազմից հետո այդտեղ է հաստատվել ամուսնու հետ, որն ունի հենաշարժողական խնդիրներ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե պետությունից աջակցություն են ստանում 47 լարիի (մոտ 7000) չափով: Նրան հանդիպելու ժամանակ Նաիրան նոր էր վերադառնում բժշկական կենտրոնից, որտեղ զննումը, հիմնական բուժումներն ու դեղորայքն ամեն դեպքում բնակիչներին անվճար է տրամադրվում: Եվ չնայած կլինիկայի ծառայություններն անվճար են փախստականների համար, սակայն այն չի կարող մեծ օգնություն ցուցաբերել, բացի ախտորոշումից և հետազոտություններից։ Այստեղ քիչ մարդիկ են գալիս՝ հիմնականում Մցխեթա քաղաքի մոտ գտնվող պոլիկլինիկա գնալու ուղեգիր ստանալու համար։ Այստեղ ապրող փախստականների համար նույնպես ատամնաբուժական ծառայություններն անվճար են։
Մենք հանդիպեցինք մի երիտասարդ կնոջ, որն ընտանիքի հետ այստեղ էր տեղափոխվել, երբ դեռ 9 տարեկան էր: «Հայրիկիս այս տարածքում տուն տվեցին եւ մենք տեղափոխվեցինք այստեղ: Ես շատ բաներ չեմ հիշում այն ժամանակվանից, սակայն մայրս որոշեց, որ պետք է տեղափոխվել այնտեղից: Մեր տունը պատերազմի ժամանակ ավերվել է: Այս համայնքում լավ պայմաններ են, ես ինքս չեմ աշխատում, սակայն աշխատում է ամուսինս », – ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է նա:
2008 թվականից առ այսօր այդ համայնքում բնակիչներից ոմանք շարունակում են ապրել կիսաբարվոք տնակներում, մի մասն էլ կարողացել է բարելավվել իր պայմանները: Բայց շատերը, չնայած իրենց իրավիճակի բարդությանը, չեն կորցնում լավատեսությունը։ Տեղահանվածների համար Թբիլիսիից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ծերովանին իսկապես նոր տուն է դարձել: Սակայն բնակիչներից շատերը դեռեւս հույս ունեն, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենի գյուղը, որտեղ թողել են ընկերներ, բարեկամներ: Թամարա տատիկն ArmLur.am-ի հետ զրույցում նշում ՝ մինչեւ վերջին պահը չէր հավատում, թե պատերազմ է եւ վերջիններից է եղել, որ լքել է տունը: Ընտանիքում, սակայն, այժմ չեն սիրում խոսել եւ հիշել պատերազմի մասին:
Հավելենք, որ օգոստոսյան պատերազմի օրերին միայն Հարավային Օսեթիայից փախել է ավելի քան 27 հազար քաղաքացի: Հենց նրանցից շատերի համար զրոյից կառուցվել է Ծերովանի համայնքը, որտեղ ապրում են տեղահանվածներ Հարավային Օսեթիայի տարբեր հատվածներից, կան անգամ հայ ընտանիքներ, որոնք փախստականի կարգավիճակով ապրում են այդտեղ:
Նաիրա Հովհաննիսյան
Վրաստան