Հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել ԵՄ դիտորական մասնագիտական խումբը, որը պետք է նախապատրաստի այս ամիս սպասվող ԵՄ դիտորդների այցը եւ այն բաղկացած է 8-10 մասնագետներից: Այս մասին «Ազատությանը» հայտնել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Թե առաջիկայում Եվրամիության քանի դիտորդ կտեղակայվի հայ- ադրբեջանական սահմանին, առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ Հայաստան Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի եւ Շառլ Միշելի բանակցությունների արդյունքում։
Հայաստան ժամանած մասնագիտական խմբի այցին է անդրադարձել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով. «Եվրամության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և գետնի վրա աջակցել հայ – ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»:
Նկատենք՝ մինչ այս Բաքուն մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, ապա ընդունեց քաղաքացիական առաքելության տարբերակը՝ ընդգծելով, թե կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Իսկ որ տարածքներում են ԵՄ դիտորդներն առաքելություն իրականացնում եւ ինչ հաջողություններ են գրանցել: ԵՄ-ն ներկայումս իրականացնում է յոթ ռազմական առաքելություններ և գործողություններ ցամաքում և ծովում: Դրանցից երեքը ռազմական ուսումնական առաքելություններ են, որոնք խորհրդատվություն և ուսուցում են տրամադրում տեղի անվտանգության ուժերին Մալիում, Սոմալիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Գործընկեր երկրներում գործում են նաև տասնմեկ քաղաքացիական առաքելություններ, որոնց օգնությունը կարևոր դեր է խաղում սահմանների կառավարման, հակամարտությունների կանխարգելման, կազմակերպված հանցավորության և մաքսանենգության դեմ պայքարում: Փորձենք մի քանի երկրի օրինակով հասկանալ նրանց առաքելության հիմնական նպատակները:
Վրաստան
Եվրոպական դիտորդական առաքելությունը տեղակայվել է Վրաստանում 2008 թվականի սեպտեմբերին՝ ԵՄ-ի միջնորդությամբ վեց կետանոց համաձայնագրից հետո, որով ավարտվեց օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը: Դիտորդական առաքելության նպատակներն են՝
- ապահովել, որ ռազմական գործողություններին վերադարձ չլինի,
- դյուրացնել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վարչական սահմանագծերի (ABL) երկու կողմերում ապրող բնակիչների անվտանգ եւ նորմալ կյանքը,
- հակամարտող կողմերի միջև վստահության ձևավորում:
Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանին իրականացվող աշխատանքներին ընդգրկված են շուրջ 200 դիտորդներ ԵՄ անդամ տարբեր երկրներից, գլխամասային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, և կան գրասենյակներ Գորիում, Մցխեթայում և Զուգդիդիում: Ընդգծենք՝ ԵՄ մանդատը գործում է միայն ողջ Վրաստանում։ Սակայն Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները մինչ այժմ արգելել են նրանց մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Ուկրաինա
Այս տարվա փետրվարի 24-հետո, երբ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսվեցին, Եվրոպական Միության առաքելություն այլեւս չի կարող ամբողջությամբ իրականացնել իր մանդատը Ուկրաինայի տարածքում։ 2022 թվականի մարտին և ապրիլին ԵՄ անդամ երկրները նոր առաջադրանքներ են ներկայացրել այս կառույցին: Այժմ առաքելությունն աջակցություն է ցուցաբերում իրավապահ մարմիններին՝ հեշտացնելու Ուկրաինայից փախստականների հոսքը դեպի հարևան անդամ երկրներ և մարդասիրական օգնության մուտքն Ուկրաինա: ԵՄ խորհրդատվական առաքելություն Ուկրաինան (EUAM Ukraine) ստեղծվել է 2014 թվականին, և Եվրոպայից երկիր են բերվել միջազգային խորհրդատուներ։
Առաքելություն և նպատակներ
EUAM-ի մանդատն իրականացնում է գործունեություն երեք սկզբունքների համաձայն.
• Ռազմավարական խորհրդատվություն քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես, քաղաքացիական անվտանգության ռազմավարությունների մշակման անհրաժեշտության մասին;
• Աջակցություն բարեփոխումների իրականացմանը՝ գործնական խորհրդատվության, վերապատրաստման և այլ նախագծերի տրամադրման միջոցով.
• Իսկ համագործակցությունն ու համակարգումը երաշխավորում են, որ բարեփոխումների ջանքերը համակարգվում են ուկրաինական և միջազգային դերակատարների հետ:
Լիբիա
2019 թվականի սեպտեմբերից Առաքելությունը գտնվում է Տրիպոլիում, բայց ունի ենթաբաժին Թունիսում: 2021 թվականի հունիսի 18-ին Խորհուրդը երկարաձգեց առաքելության մանդատը ևս երկու տարով մինչև 2023 թվականի հունիսի 30-ը՝ հաստատելով 84,85 միլիոն եվրոյի բյուջեն՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդգծենք, որ քաղաքացիական առաքելությունները յուրաքանչյուր երկրում տեղակայվում են երկու տարով եւ պետք է ամեն անգամ երկարաձգեն նրանց գործունեության ժամկետը:
ԵՄ-ն աջակցում է Լիբիայի իշխանություններին՝ զարգացնելու սահմանների կառավարումն ու անվտանգությունը երկրի ցամաքային, ծովային և օդային սահմաններում: Որպես ճգնաժամային կառավարման քաղաքացիական առաքելություն՝ կարողությունների զարգացման մանդատով, այն օգնում է Լիբիայի իշխանություններին ռազմավարական և գործառնական մակարդակներում:
Ինչպես տեսնում ենք, այս եւ մյուս այլ դեպքերում ԵՄ դիտորդական, քաղաքացիական առաքելության նպատակն առաջին հերթին կայունության հաստատումն է: Սակայն Հայաստանի պարագայում կայունությունը դիտորդների ներկայության պայմաններում ամեն դեպքում կախված է այն հանգամանքից, թե սահմանի որքան հատվածում են նրանք տեղակայվելու և, եթե լինեն խախտումներ, որն է լինելու դիտորդների դերը ու ԵՄ արձագանքը դրան։ Ի վերջո, շատ կարեւոր հարց է՝ նրանք տեղակայվելու են այժմ հաստատված սահմաններում, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են, թե վերջիններս պետք է վերադառնան ելման դիրքեր: Հավելենք, որ նախնական նրանք Հայաստանի սահմաններին կգտնվեն երկու ամիս:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան