Վրաստանում հաստատված ՌԴ քաղաքացիներն այնքան էլ չեն սիրում խոսել իրենց՝ այդ երկիր տեղափոխվելու պատճառների կամ ընտրության մասին, իսկ խոսելիս էլ, գերադասում են անանուն մնալ:
Վրաստանի ՆԳՆ կողմից հայտնած տեղեկությունների համաձայն, մարտ-հունիս ամիսներին Վրաստան ժամանած ռուսների 18%-ը մնացել է երկրում՝ դա գրեթե 50 հազար մարդ է։ 2019 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 5 տոկոս։ Նույն տվյալներով, սեպտեմբերի 21-ից 30-ը ՌԴ առնվազն 68 հազար քաղաքացի է մուտք գործել երկիր, իսկ ավելի քան 45 հազարը հեռացել է։
Անաստասիան այնքան էլ գոհ չէ Վրաստանում սպասարկման որակից, չնայած նշում է, որ համեմատաբար մատչելի է՝ չնայած տեղի ունեցած թանկացումներին: «Խցանումները մեծ խնդիր է, հին Թբիլիսիում ամենուր միայն նեղ փողոցներ են եւ շատ երկար է տեւում մի վայրից մեկ այլ վայր գնալը: Վրացիները, ինչպես վաստակում էին, այնպես էլ շարունակում են, իսկ գները բարձրանում են», – պատմում է նա:
Պարզվում է՝ թանկացումներից առաջին հերթին բողոքում են հենց վրացիները: «Օրինակ, լավ լուծվող սուրճն արժե 7–10 լարի, որը կազմում է մոտ 1000-1400 դրամ։ Ընթրիքը ռեստորանում՝ 60-80 լարի, որը կազմում է մոտավորապես 8000-11 հազար դրամ մեկ անձի համար»,- ասաց Սալոմեն:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Վրաստան այցելությունների քանակով առաջին տեղում հենց ռուսներն են։ Այն, որ ռուսներն այստեղ գալիս են ոչ միայն արձակուրդի համար, վկայում են նաև այն տվյալները, որոնք հրապարակվել են: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տվյալներով՝ մոտ 13500 ռուսական ընկերություններից կեսը գրանցվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Մարտից հուլիս Վրաստանում գրանցվել է մինչև 6400 ռուսական ընկերություն, ինչը յոթ անգամ գերազանցում է նույնիսկ նախորդ տարվա տարեկան ցուցանիշները։ Այն, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ տեղափոխվել են այստեղ ապրելու և բիզնեսով զբաղվելու համար, վկայում է նաև այն փաստը, որ այդ ընկերությունների 90%-ից ավելին անհատ ձեռնարկություններ են:
Ռուսաստանցիների, և միևնույն ժամանակ հենց վրացիների, հիմնական խնդիրներից մեկը բնակարանների գների կտրուկ բարձրացումն է։ 2022 թվականի մարտից Թբիլիսիում բնակարանների գները գրեթե կրկնապատկվել են։ Ռուսաստանից ժամանած Անդրեյը չնայած ապրում է ընկերոջ տանը, սակայն տեղյակ է բնակարանների գների կտրուկ թանկացումից: Նա կարողանում է Վրաստանից աշխատել հեռահար կերպով, չնայած աշխատավարձն ամեն դեպքում նվազել է: Եվ չնայած Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա հարաբերություններին, վերջինս տեղացիների կողմից բացասական ոչինչ չի զգացել: «Ինձ հարմար է այստեղ, ես ոչ մի բացասական բան կամ ագրեսիա չեմ զգում տեղացիների կողմից: Միակ խնդիրն այն է, որ ընտանիքիս ոչ բոլոր անդամներն են ինձ հետ», – նշում է նա:
Իսկ ահա Կատյան, որը մարտից է գտնվում Վրաստանում, մի քանի անգամ առնչվել է վատ վերաբերմունքի, իսկ որպես պատճառ նաեւ մատնանշեց իր ռուսական արտաքինը: «Մինչ այդ ես պայքարում էի ինքս իմ դեմ եւ փորձում էի չլքել երկիրը, սակայն արդեն անհնար էր: Բայց ես հասկացա, որ այդպս այլեւս շարունակել չեմ կարող: Ես երկու շաբաթ մնացել եմ Հայաստանում, ապա գնացքով եկել Թբիլիսի, սակայն իմ երեխան է մնացել ՌԴ-ում եւ հիմա մտածում եմ նրան բերելու մասին», – պատմեց նա:
Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված մոբիլիզացիան Ռուսաստանում հանգեցրեց արտագաղթի նոր ալիքի, բայց պատերազմի սկզբի համեմատ ռուսների ընտրությունը կրճատվեց. ԵՄ շատ երկրներ սահմանափակեցին վիզաների տրամադրումը, իսկ Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանն ամբողջությամբ արգելել է ռուսների մուտքը զբոսաշրջային՝ ամենահայտնի տիպի վիզաներով: Ավելի ուշ նման որոշման մասին հայտարարեց Ֆինլանդիան։ Հավելենք, որ չնայած Վրաստանում ռուսների մեծ քանակությանը, մայրաքաղաք Թբիլիսիի պատերին ամենուր հակառուսական գրություններ են:
Նաիրա Հովհաննիսյան
Վրաստան