Այս տարվա հոկտեմբերի 12-13-ը Թբիլիսիում անցկացվեց երկօրյա տարածաշրջանային համաժողով՝ «Մեդիան՝ պատերազմի ժամանակներում» անվամբ: Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, որի նպատակն էր հարթակ տրամադրել՝ քննարկելու ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։
Հենց առաջին օրը տեղի ունեցավ «Լրատվամիջոցները Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից առաջ և հետո» անվամբ առանձին պանելային քննարկում, որի ժամանակ ուկրաինական մեդիա համայնքի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով, եւ ներկայացրեցին, թե ինչպես է փոխվել երկրում մեդիա դաշտը վերջին ամիսների ընթացքում և քննարկեցին առկա մարտահրավերները:
Ուկրաինայի հանրային հեռարձակողի վերահսկիչ խորհրդի նախագահ Սվիթլանա Օստապան ասել է, որ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկզբով Ուկրաինայի հանրային հեռարձակողը պետք է կատարեր երեք հիմնական խնդիր՝ ապահովել ընկերության անխափան գործունեությունը, ստեղծել. աշխատակիցների անվտանգ աշխատանքի պայմանները, ինչպես նաև բոլոր հնարավոր կապուղիներով (հեռուստատեսություն, ռադիո, առցանց հարթակներ) հանրությանը ճշտված տեղեկատվություն տրամադրելու համար։ Եվ նրա խոսքով, բոլոր կետերը կատարվել են:
ArmLur.am-ի հետ զրույցում Օստապան նշում է. «Այն լրագրողների համար, որոնք գնում են առաջնագիծ եւ լուսաբանում են իրադարձությունները, դժվարությունների են հանդիօում եւ անվտանգ չէ: Անգամ արտասահմանյան լրագրողի մահվան դեպք է գրանցվել: Եվ առաջին խնդիրը, որ հանդիպում են լրագրողները, դա հենց անվտանգության խնդիրն է: Ռազմական լրագրողների համար ապահովագրություն իրականացնելը բավական թանկ է եւ շատ ապահովագրական ընկերություններ հրաժարվում են դա անել: Մենք դոնորների միջոցով ենք փորձում գոնե նվազագույն ապահովագրություն անել: Երկրորդ խնդիրը ենթակառուցվածքների բացակայությունն է: Լրագրողները պետք է այդ պահին նկարահանեն եւ փոխանցեն տեղեկատվությունը, իսկ հիմա, երբ էլեկտրաէներգիա եւ ինտերնետ չկար, դժվար է դա անելը: Սակայն մենք պատրաստվել էինք պատերազմին այդ առումով եւ պատերազմական իրադարձությունները լուսաբանող լրագրողների համար հարմար տեխնիկա էինք գնել եւ տրամադրել նրանց», – նշեց նա:
Kyiv Independent-ի գլխավոր խմբագիր Օլգա Ռուդենկոն իր ելույթում պատմեց պատերազմական պայմաններում նորաստեղծ խմբագրության զարգացման իր փորձի մասին։ Առցանց հրատարակությունը գործարկվել է 2021 թվականի նոյեմբերին և մի քանի ամսվա ընթացքում դիմակայել է պատերազմի մարտահրավերներին, և այս ընթացքում խմբագրությունը կարողացել է ընթերցողների թիվը ամսական 14 հազարից հասցնել մեկ միլիոնի։
«Քանի որ մենք նյութերը հրապարակում ենք բացառապես անգլերենով, մեր առաքելությունը տեսնում ենք, որ ամբողջ աշխարհին տեղեկացնենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- նշեց գլխավոր խմբագիրը՝ պատմելով, որ խմբագրական թիմը ներկայումս բաղկացած է ավելի քան 30 հոգուց, որոնց մեծամասնությունը ուկրաինացիներ են: Փետրվարի 24-ից խմբագրությունն աշխատում է շուրջօրյա՝ լուսաբանելով պատերազմի իրադարձությունները միջազգային լսարանի համար, բոլոր ռեսուրսներն ուղղվել են միայն այս նպատակին։
Իսկ Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի նախագահ Օլգա Հերասիմյուկը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 128 հեռարձակող դադարեցրել է աշխատանքը Ռուսաստան լայնամասշտաբ ներխուժման պատճառով, 124 ընկերություն մասնակի կամ ամբողջությամբ կորցրել է սարքավորումները, նյութական վնասների չափը կազմում է ավելի քան 10 միլիոն դոլար, և հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը:
Այդ օրը տեղի ունեցավ նաև «Ռուսական պատերազմն Ուկրաինայի դեմ. լրագրողների աշխատանքը» լուսանկարչական ցուցահանդեսը։
Հայաստանից քննարկմանը մասնակցում էր նաեւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իր ելույթում անդրադարձ է եղել Դիտորդ մարմնի հանձնարարականներին, որոնք դեռ 2016 թվականին էին պատրաստված եւ, որոնք վերանայվել էին 2020 թվականի պատերազմի ժամանակ: «Իհարկե, շատ խորհրդատվական նպատակ ուներ դա, բայց առաջին հերթին անդրադառնում է էթիկական կանոնագրին, որը 60-ից ավելի լրատվամիջոցներ ստորագրել են Հայաստանում: Եվ այդտեղ կան երկընտրանքներ, որոնց լրագրողները հանդիպում են պատերազմական իրադարձությունները լուսաբանելիս: Այդ երկընտրանքներին են վերաբերում հանձնարարականները, որոնք Դիտորդ Մարմինը կատարել է եւ, որոնք շատ կարեւոր են: Իհարկե, դա կախված է յուրաքանչյուր խմբագրությունից, թե ինչպես են նրանք վերաբերվում դրան եւ որքանով են կարողանում, պահպանել այդ կանոնները», – նշեց նա:
Հավելենք, որ ընդհանուր առմամբ, համաժողովը կազմակերպել է հինգ թեմատիկ պանելային նիստեր, որոնք կենտրոնացած էին պատերազմի և զինված հակամարտությունների ժամանակ լրատվամիջոցների մոտ եղած խնդիրների վրա: Կոնֆերանսի ընթացքում վերոնշյալ թեմաների շուրջ քննարկումներին մասնակցել են Արևելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետները:
Հավելենք, որ կոնֆերանսին մասնակցելու հնարավորություն ենք ունեցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում հոկտեմբերի 9-15 կայացած լրագրողական այցի շրջանակներում:
Նաիրա Հովհաննիսյան
Վրաստան