Հոկտեմբերի 15-ին սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 16-րդ տարելիցն էր: Երգչուհին 16 տարի առաջ մահացել էր ավտովթարի հետեւանքով, երբ ընդամենը 30 տարեկան էր:
ArmLur.am-ը առանձնացրել է այն երգիչ երգչուհիներին, ովքեր հիշել են Վարդուհուն: Նրանք են` Սիրուշոն, Անդրեն, Զարուհի Բաբայանը, Մանե Գրիգորյանը, Հռիփսիմե Հակոբյանը և այլք:
Ի դեպ նշենք, որ այս տարի լույս աշխարհ է եկել Վարդուհի Վարդանյանի թոռնուհին` կրտսեր Վարդուհին:
Նշենք, որ Վարդուհի Վարդանյանն իր անցած կարճ ճանապարհին հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր:
1994-ին Նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին եւ արժանացել «Գրան-Պրի»-ի:
1996-ին մասնակցել է «Յալթա Մասկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին եւ արժանացել է հատուկ մրցանակի: 1999-ին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» շրջանակներում Վարդուհին արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցել է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր արժանացել է երկրորդ մրցանակին: 2000-ին Մակեդոնիայի եւ Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» եւ «Դիսքավրի» մրցույթներում արժանացել է երկրորդ տեղերին:
Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվել է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջեւ, ուր Վարդուհին արժանացել է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր: 1997-ին Վարդուհին ամուսնացել է:
2003-ին Վարդուհին թողարկել է իր անդրանիկ եւ միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը», ուր ներգրավվել են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտել է գործունեությունը Երգի պետական թատրոնում եւ սկսել է դասավանդել թատրոնին կից ստուդիայում:
2006-ի հոկտեմբերի 14-ին երգչուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ մառախուղի ու անձրեւների հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհին Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սեւան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցրել է կառավարումն ու շրջվել: Մեքենայի ուղեւորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվել:
2006-ին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվել է «Հայաստանի լավագույն երգչուհու» կուչում:
Նույն թվականին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» կոմիտեի որոշմամբ՝ սահմանվել է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ:
2006-ին հիմնադրվել է «Վարդուհի Վարդանյան» հիմնադրամը, որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը:
Լիդա Եղիազարյան