Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը:

Մեզ ակնարկեցին, որ Հովհաննիսյանը քաղաքապետի հովանավորյալն է, եւ այդ կապերը եղել են դեռեւս այն ժամանակվանից, երբ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի տեղակալն էր եւ համակարգում էր նաեւ Մետրոպոլիտենի աշխատանքը: Մեզ փոխանցեցին, որ օպերատիվ աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկությունները, մեղմ ասած, բավականին ուշագրավ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվ գործողություններ չեն իրականացվել:

Մեր այն հարցին, թե ինչպիսի հնարավոր չարաշահումներ են՝ կոռուպցիա, հովանավորչություն, թե այլ, պատասխանեցին, որ հարցականները, առերեւույթ հանցագործությունների կամ դրանց ռիսկերի շրջանակը բավականին լայն է, ու ավելի կոնկրետ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ: Քաղաքապետարանի մեր աղբյուրները, թեմայի շուրջ կատարված հարցումներին ի պատասխան, նշեցին, որ Հայկն ու Հրաչն այն աստիճանի մտերիմ են, որ Հայկ Հովհաննիսյանի կինը` Իսկուհի Օսիպյանը, զբաղեցնում է քաղաքապետարանի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Դժվար չէ կռահելը, որ հսկայական ֆինանսական հոսքեր կառավարող այդ վարչությունը պետք է ղեկավարի քաղաքապետի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ի դեպ, հայտնի դարձավ նաեւ, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս սկսել է հաճախ լինել Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Ինչեւէ, սպասենք դեպքերի հետագա ընթացքին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս