Արցախը մնաց միայնակ. Փաշինյանը խաբել է. մաս 114. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդամենը ամիսներ առաջ՝ 2022 թվականի հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկին հայտարարություններ արեց, որոնք այնուհետեւ իրականություն այդպես էլ չդարձան:

Մասնավորապես, ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, թե ինչու են իրեն մեղադրում Արցախին միայնակ թողնելու համար՝ հայտարարելով, թե դա սուտ է: Եվ, որպես ապացույց, նա բերում էր այն հանգամանքը, որ 2021-2022թթ. Արցախի բյուջեն եւ ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության: «2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած:

Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել: 2021-ին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է: Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: Այսինքն՝ ՀՀ աջակցությունն Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոս՝ 2019-ի համեմատ, կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով»,-ասաց Փաշինյանը:

Սակայն ամիսներ անց մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ Հայաստանն իսկապես Արցախին միայնակ է թողել եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի շուրթերով հայտարարել, որ հենց Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ ուղիղ: Անգամ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ մատնանշվում է, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս