Արցախում գրանցված «Միասնական հայրենիք» կուակցությունը որևէ աղերս չունի հայաստանյան նույնանուն կուսակցության հետ։ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Սեյրան Հայրապետյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ հոկտեմբերի 13-ին լույս տեսած «Ինչի՞ց են վախեցած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ուժերը» վերտառությամբ հոդվածում նույնպես իրականում շփոթմունք էր տեղի ունեցել, ու Հայաստանում գրանցված «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Տերտերյանը Սամվել Բաբայանի կուսակից էր ներկայացվել։
«Արցախի Հանրապետությունում գրանցված ու գործող, խորհրդարանական երկրորդ ուժի, Սամվել Բաբայանի ստեղծած «Միասնական հայերնիք» կուսակցության հետ Մհեր Տերտերյանը որևէ աղերս չունի: Մենք որևէ առնչություն չունենք իրար հետ։ Մենք մեր կուսակցությունը հիմնել եք, ինչից ամիսներ, եթե ոչ մեկ տարի անց նոր նա նույնանուն կուսակցություն է հիմնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը։
«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, Տերտերյանի հետ փորձեց կապի դուրս գալ՝ հասկանալու, թե վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ են քննարկում։ Վերջինս, սակայն, ոչ միայն հրաժարվեց, այլ մի բան էլ՝ «սև ցուցակ» գցեց մեզ։
Մհեր Տերտերյանին դեռ տարիներ առաջ՝ 2017-ի փետրվարի 15-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն էր գրել՝ հրապարակելով «Կարեն Կարապետյանի միլիոնատեր խորհրդականը՝ Ղազախստանից» վերտառությամբ հրապարկումը։ Այդ ժամանակ, նշենք, Փաշինյանի հետ մշտապես հանդիպող Տերտերյանը Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական էր նշանակվել։
Նրա մասին վերջերս նաև մենք էինք ահազանգ ստացել։ ArmLur.am-ին Երևանի բնակիչ Մարինե Համբարձումյանն էր դիմել ու փոխանցել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասում գտնվող իր առանձնատունն ամիսներ առաջ վարձակալության է հանձնել, սակայն պայմանագիրը լրանալուց և այն սղելուց հետո վարձակալին չի կարողանում հանել տանից: Բնակչուհին մեզ պատմել էր, որ իր տանն այժմ գործունեություն է ծավալում (զենք է արտադրում) ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանը: Բնակելի թաղամասում, փաստորեն, զենք-զինամթերք ոչ միայն պահվում, այլև արտադրվում է, իսկ իրավապահները՝ լուռ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ Երևանի բնակիչ Մարինե Համբարձումյանն ահազանգել է, որը Դավթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասում գտնվող իր առանձնատունն ամիսներ առաջ վարձակալության է հանձնել, սակայն պայմանագիրը լրանալուց եւ այն սղելուց հետո վարձակալին չի կարողանում հանել տանից:
Սևակ Վարդումյան