Հոկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեում իսկական խառնաշփոթ է եղել: Մասնավորապես, կոմիտեի աշխատակիցներն աղմուկ են լսել: Պարզվում է՝ ԱԱԾ-ն է մտել կոմիտե եւ ՀԿԳ քննիչին հենց իր աշխատասենյակից տարել է: Իսկ ով է ԱԱԾ-ի կողմից կալանավորված հատկապես կարևոր գործերով քննիչը:
Վերջինս Վլադիմիր Ասատրյանն է, որը քննչական կոմիտեում աշխատել է 2017 թվականից եւ զբաղեցրել է տարբեր պաշտոններ եւ հոկտեմբերի 14-ին 60.900 դոլար կաշառքի գործով ձերբակալվել է:
Օրերս, ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ-ի և Ա. Ջ-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ.Մ-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք:
Քնար Մանուկյան