ԵՐԲ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին Իջեւան քաղաքում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Չնայած պաշտոնապես նախընտրական քարոզչությունը մեկնարկում է հոկտեմբերի 26-ին, սակայն տեղական հեռուստաընկերության եթերում  սկսվել է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի գովքը: Մասնավորապես, հոկտեմբերի 20-ի երեկոյան «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության  «Լրատու» ծրագիրը ներկայացրել է քաղաքապետի գովազդը, թե նա ինչպես է կառուցում քաղաքի ճանապարհները, հոգ տանում մանկապարտեզների մասին, բարեկարգում զբոսայգին: Մինչդեռ մենք արդեն գրել, ներկայացրել ենք, որ այս տարվա  ամռանը քաղաքապետի` մեկ ամիս արտերկրում գտնվելու պատճառով ուշացել եւ վտանգվել է քաղաքի Իջեւանյան փողոցի սալիկապատումը, որ քաղաքի մանկապարտեզներից մեկում երեխաները թերսնվում են, սրբավայր համարվող Ազատամարտիկների հրապարակում կովեր են արածում,  ամռանը քաղաքային զբոսայգում երեխաները լողանում էին կեղտոտ ջրամբարում: Եւ այստեղ հարցը միայն այն չէ, թե այդ գովաբանությունները ճշմարտությանը որքանով են համապատասխան: Հարցն այն է, որ խախտվում է նախընտրական քարոզչության` օրենքով սահմանված ժամկետը` հօգուտ այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանի: Նկատենք, որ Վ.Ներսիսյանի մրցակից  որեւէ թեկնածուի, թեկուզ վճարովի հիմունքներով, համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ  «Իջեւան ստուդիա»-ն եթեր չի տրամադրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս