ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկերն օդից փող են աշխատում. քաղաքացուց իր դոլարը կանխիկացնելու համար բանկը տոկոս է պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիները խիստ զայրացած են. պատճառը Հայաստանում գործող առեւտրային բանկերի վարած քաղաքականությունն է:

ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ տարադրամի կանխիկացման համար բոլոր բանկերում գանձվում է 3 տոկոս միջնորդավճար:

«Ես, պարբերաբար, ԱՄՆ-ից գումար եմ ստանում, աղջիկս ուղարկում է, ինքն այնտեղ վճարումներն անում է, ես այստեղ մաքուր ստանում եմ՝ դոլարով: Բայց այսօր գնացել եմ բանկ, որպեսզի ստանամ աղջկաս ուղարկած գումարը դոլարով, իսկ բանկում աշխատողն ասում է, որ եթե դոլարով եմ ուզում ստանալ, պետք է 3 տոկոսը վճարեմ: Ասում են՝ եթե ուզում ես դոլարով ստանալ, ապա հաշվարկվելու է 416 եւ 3 տոկոս պահումով: Ստացվում է այս գործընթացում ես 70-75 դոլար կորցնում եմ, եթե սա թալան չէ՞, ի՞նչ է» ,- իրավիճակը ArmLur.am-ին ներկայացրեց քաղաքացի Լեւոն Սարգսյանը:

Բացի այս, բանկում քաղաքացուն առաջարկել են գումարը ստանալ դրամով. «Եթե դրամով վերցնեմ, դոլարի փոխարժեքը հաշվարկելու են 404 դրամով: Ես ասում եմ՝ աղջիկ ջան, ինձ դրամ պետք չէ, դոլար եմ ուզում, երկրից գնալու եմ: Այն դեպքում, երբ իմ աղջիկը ուղարկելիս փոխանցման համար անհրաժեշտ վճարումներն այնտեղ արել է: Մի քանի ամիս առաջ էլ եմ ստացել առանց պահումների եւ որեւէ խնդիր չի եղել»:

Բացի այս, նշենք, որ նույնն է նաեւ դոլարային հաշվից կանխիկացում կատարելիս: Այսինքն քաղաքացին կանխիկացում կատարելու ժամանակ է միայն պարզել, որ բանկը 3 տոկոս է գանձել: Ստացվում է, որ ինքն իր սեփական հաշվից գումար հանելիս 3 տոկոսը տվել է բանկին ոչնչի դիմաց:

Նշենք, որ այս խնդրի մասին քաղաքացիներին բանկերից տարբեր ժամանակներում պատճառաբանում են, որ արտարժույթը քիչ է. պատճառը ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաներն են, քանի որ Ռուսաստանում դոլարը քիչ է, եւ այսօր շատերը Հայաստանից են կանխիկ դոլարը փոխանցում ՌԴ: Եւ ըստ որոշ տեղեկությունների՝ Կենտրոնական բանկը 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար է սահմանել՝ փորձելով արհեստականորեն խոչընդոտել ՌԴ տեղափոխվող դոլարի կանխիկացումը, բայց, արի ու տես, որ այս ամենի արդյունքում տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները:

Բացի այս, ՀՀ որոշ բանկեր հայտարարում են, որ սա ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է համաշխարհային ճգնաժամային իրավիճակով։ Թե մինչեւ երբ են շարունակելու բանկերն այս համաշխարհային ճգնաժամային ֆոնին գերշահույթներ ստանալ քաղաքացիների սեփական միջոցների հաշվին, հայտնի չէ: Բայց այն, որ առաջիկայում այս թեմայի շուրջ բողոքի մեծ ալիք է բարձրանալու, դա հաստատ է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս