«ԲԻԶՆԵՍԻ ՀԵՏԵՎԻՑ ԵՆ ԳՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի տարիներին ռեփը Հայաստանում կարծես թափ առավ: Սկսեցին հայտնվել ռեփ կատարողներ եւ հայկական ռեփի երկրպագուներ: «Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է երիտասարդ ռեփեր Դավիթ Միրոյանը: Մի քանի ամիս է, ինչ նա պասիվություն է դրսեւորում, որոշեցինք տեղեկանալ, թե ուր է, ինչով է զբաղվում: Պարզվեց, որ ռեփեր Դավոն իր նորությունները պարբերաբար տեղադրում է YouTube կայքի իր անձնական էջում: Իսկ տարեվերջին կներկայացնի իր երկրորդ ձայնասկավառակը:
-Ինչո՞ւ եք ընտրել YouTube-ի տարբերակը, որովհետեւ հեռուստաընկերությունները պրեմիերայի համար գումա՞ր են պահանջում:
-Ես ինքս վերջին մի տարվա ընթացքում մաքսիմում 1 ժամ եմ հեռուստացույց դիտել: Նորությունների ու կատարվելիք իրադարձությունների մասին էլ ինտերնետով ավելի արագ եմ իմանում: Հետո էլ կարծում եմ, որ իմ լսարանն  ավելի շատ գտնվում է ինտերնետում, քան թիվիյի դիմաց: Չէի ասի` մեծահասակների կողմից ռեփը չի ընդունվում, բայց շատ դժվար է ընդունվում:
-Հայաստանում ռեփն ի՞նչ մակարդակի վրա է:
-Ճիշտ չի լինի որակել միջին, ցածր կամ բարձր: Լավ գործեր արվում են: Պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ Հայաստանում ռեփը շատ քիչ ժամանակ է, ինչ կա, այն դեռ իր սկզբնական փուլում է:  
-Կա տարածված կարծիք, որ ռեփը փողոցային պոեզիա է:
-Երբ ես ասում եմ, որ այդքան էլ ռեփ չեմ անում, շատ մարդկանց կողմից դա թարս է նայվում: Իմ արածը ռեփ չէ:
-Իսկ ի՞նչ է:
-Ես էլ դեռ չեմ կարողանում դրան անուն տալ: Այն ռեփը, ինչ ես լսում եմ ամեն օր, տարբերվում է այն ռեփից, ինչ ես եմ անում: Նմանությունն այն է, որ ես էլի ռիթմի վրա շարում եմ: Ռեփում ազատ լեքսիկա են օգտագործում, հայհոյանքներ: Ես միշտ հետեւում եմ, որ իմ ընտրած թեմաները ցենզի մեջ լինեն: Հենց օրինակ վերջին երգս ավելի շատ ալտերնատիվ ռոք էր: Այս պահին ամերիկյան ռեփերներին համարյա թե չեմ լսում: Հիմա ինձ դուր է գալիս ռուսական ռեփը: Իսկ երաժշտության առումով ես ռոքի կողմնակից եմ: Ինձ համար ռոքը երաժշտություն է, ռեփը` խոսք:
-Հայ ռեփերներից ո՞ւմ եք համարում այս ոլորտում քիչ, թե շատ պրոֆեսիոնալ:
-Ինձ համար այս տարի շատ մեծ հայտնագործություն եղավ «3.33» խումբը`  A Chilla-ի եւ Ֆելիքս Խաչատրյանի մասնակցությամբ: Նրանց դրած պլանկան ինձ համար այս պահին ամենաբարձրն է:
-Լավ, իսկ ի՞նչ եք ուզում Ձեր երգերով ասել մեր երիտասարդներին եւ առհասարակ Ձեր ունկնդիրներին: Ի՞նչ խնդիրներ եք վեր հանում:
-Նպատակ չունեմ խնդիրներ լուծելու: Բայց իմ երգերում միշտ արտացոլվում է այն ամենն, ինչի մասին ես այդ պահին ամենից շատ եմ մտածում: Չեմ ուզում, որ իմ երաժշտությունը լինի շատ կոմերցիոն, որովհետեւ ես անում եմ իմ հաճույքի համար: Եթե որեւէ մեկին դուր է գալիս իմ արածը, լավ է, եթե ոչ, դա էլ արդեն… Ես չեմ նեղվում, քանի որ իմ արածից հաճույք եմ ստանում: Աշխատում եմ շոու բիզնես կոչվածից ինձ հեռու պահել:
-Ինչո՞վ Ձեզ դուր չի գալիս հայկական շոու բիզնեսը:
-Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանալ, թե որն է շոու բիզնեսը: Ես չգիտեմ` որն է: Երբեք չեմ էլ փորձել հասկանալ, ինձ չի հետաքրքրել: Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ավելի շատ գնում են բիզնեսի հետեւից, ոչ իրական արվեստ ներկայացնելու: Բայց չեմ էլ կարող մեղադրել մարդկանց, նրանք հենց դրանով են ապրում:  
-Եթե կոմերցիա չեք ներկայացնում, ստացվում է, որ գումար էլ չեք աշխատում:
-Այո՛, ճիշտ նկատեցիք:
-Ու շատ հանգիստ այդ մասին ասում եք:
-Երաժշտությունն ինձ համար երբեք գումար աշխատելու միջոց չի եղել: Նորից կկրկնեմ, այդ ամենը ես անում եմ իմ հաճույքի համար: Իսկ գումար, փառք Աստծո, ես կարողանում եմ աշխատել էստեղից ու էնտեղից:
-Դո՞ւք էլ շատ կատարողների պես ընտրել եք կողմնակի եկամուտ ստանալու Ձեր ճանապարհը:
-Ի տարբերություն շատերի, որոնք սկսել են երգել, հետո տեսել են՝ չի ստացվում, սկսել են նաեւ ուրիշ բանով զբաղվել, ես ի սկզբանե էլ այդպես եմ արել:
-Չե՞ք ուզում ասել, թե ինչ բիզնես ունեք:
-Ես ունեմ ձայնագրման իմ անձնական ստուդիան եւ հիմա էլ նաեւ փրոդաքշն, որը ֆիլմարտադրության համար վարձով տեխնիկա է տրամադրում:
-Ձեր ռեփեր կոլեգաները հասցրել են նկարահանվել նաեւ ֆիլմերում: Դուք նման առաջարկներ չե՞ք ստացել:
-Շատ  եմ ստացել, բայց ես մասնագիտությամբ դերասան չեմ եւ եթե որոշեմ էլ ինչ-որ տեղ խաղամ, կերպարը պետք է ինձ մոտ լինի, որ խաղալուց համոզիչ ստացվի: Իսկ ֆիլմերից ու սերիալներից ստացել եմ հանցագործ կերպարների առաջարկներ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս