ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնման 2022թ. պետական բյուջեով նախատեսված աշխատանքների շրջանակում տարվա սկզբից նախատեսված էր իրականացնել մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ:

 

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման եւ ամրակայման, Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման եւ Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման եւ ամրակայման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:

Հուշարձանների վերականգնման ծրագրում, որպես հրատապ անհրաժեշտություն, տարվա ընթացքում ավելացել են ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման եւ ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարեւելյան հատվածի ամրակայման եւ մասնակի վերականգնման աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կատարել վերականգնվող հուշարձաններ տեղում աշխատանքային խնդիրների քննարկման եւ ավարտվածության աստիճանի վերահսկման նպատակով:

Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի (կառուցված 19-րդ դարի վերջում) վթարային վիճակը հաշվի առնելով` ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնումը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Այս տարի նախատեսված է իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման եւ նոր պատերի կառուցման աշխատանքներ, որոնք մոտենում են ավարտին:

Քոբայրավանքի սեղանատուն

10-13-րդ դդ. հիմնադրված ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի հատվածում սեղանատան վերականգնման աշխատանքներն ընթանում են ծրագրին համաձայն: Չնայած բարձրադիր եւ դժվարամատչելի դիրքին` աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ կավարտեն 2023 թվականին:

Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի եւ Լոռի բերդ ամրոցի պարիսպ

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ծածկասալերի քանդման աշխատանքներից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն:

Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարեւելյան հատվածի ամրակայման եւ մասնակի վերականգնման աշխատանքները մեկնարկել են ամռանը:

Վերոնշյալ բոլոր աշխատանքներն ընթանում են բնականոն հունով՝ համաձայն ժամանակացույցի, եւ ներկա պահին կատարված է աշխատանքների ամբողջ ծավալի մոտ 70 տոկոսը:

 

Ավարտված աշխատանքներ

ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման եւ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքներն ամբողջովին ավարտված են:

Վերականգնման եւ նորոգման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, որակի տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:

 




Լրահոս