Ինչ ունեցվածք ունի իրավապահների տեսադաշտում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու։ Նշենք, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել ոչ միայն մինչդատական վարույթի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, այլեւ՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգը կասկածներ է ունեցել կոռուպցիոն հնարավոր գործարքների մասով, որոնք կապված են կոնկրետ քրեական գործի հետ: Ի դեպ, խոսքը այն դատավորի մասին է, ում որոշմամբ մայիսի 18-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զրկվեց ազատությունից:

Բացի այս, Արուսյակ Ալեքսանյանը քաղաքական հրահանգի արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված տարբեր անձանց մասով տալիս էր կալանքի որոշում: Ալեքսանյանը Մամիկոն Ասլանյանին, Ավետիք Չալաբյանին կալանքի տարած, այս գործերով հայտնի դատավորն է:
Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի իրավապահների տեսադաշտում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Սկսենք 2017 թվականից, երբ նրա դրամական միջոցը կազմել է 15 մլն դրամ: Այդ տարում նա ստացել է ամսական 296 հազար դրամ աշխատավարձ: Նշենք, որ այդ ժամանակահատվածում նա զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը: Մեկ տարի անց՝ 2018 թվականին, դատավոր Ալեքսանյանը 1 մլն դրամով գնել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա: Ունեցել է 1 մլն դրամ գումար: Երկու վայրից ստացել է աշխատավարձ, որը ամսական կազմել է 430 հազար դրամ:

Իսկ ահա 2019 թվականին, Ալեքսանյանը զբաղեցրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը: Այդ ժամանակահատվածի հայտարարագրում նա նշել է, որ ունի հողամաս, որը ձեռք է բերել 2017 թվականին՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 17 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 10 մլն դրամ, ամսական աշխատավարձը՝ 519 հազար դրամ: Բացի այս, նա ՀՀ առեւտրային բանկերից փոխառություններ, վարկեր է ստացել՝ ընդհանուր 9 մլն 721 հազար դրամի չափով:
Ըստ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ ալեքսանյանի բանկային հաշվին առկա է եղել 613 դրամ: Բայց դատավորն ունեցել է կանխիկ 4 մլն դրամ գումար: Այդ տարում եւս նա 2000 դոլարի չափով փոխառություն, վարկ է ստացել:

Նախորդ տարեվերջին, արդեն դատավոր Ալեքսանյանը հայտարարագրել է կրիպտոարժույթ: Կանխիկ գումարի չափը կազմել է 2 մլն դրամ: Դատավորի աշխատավարձի չափն էլ է 2021 թվականին բարձրացել՝ կազմելով ամսական 593 հազար դրամ: Նշենք, որ դատավոր Ալեքսանյանը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:

Դատավորի հայրը՝ Հարություն Ալեքսանյանը, հայտարարագրել է, որ Եղվարդում ունի մեկ առանձնատուն եւ մեկ հողամաս: Նրա կանխիկ գումարը կազմել է 2 մլն դրամ, ամսական աշխատավարձը՝ 445 հազար դրամ: Նշենք, որ հայր Ալեքսանյանը ՀՀ Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետն է: Նա եւս փոխառություններ, վարկեր ունի՝ 5.5 մլն դրամի չափով: Դատավորի մայրը՝ Լիլյա Աղայանը, 2020 թվականին ավտոմեքենա է գնել՝ Audi մակնիշի: Ունեցել է 2 մլն դրամի չափով կանխիկ գումար: Ի դեպ, նշենք, որ դատավորի մայրը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենն է եւ ամսական ստացել է 249 հազար դրամ աշխատավարձ: Նա նույնպես փոխառություններ, վարկեր ունի՝ 7 մլն 200 հազար դրամի չափով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս