«Անկանխիկ գործարքների մասին» ՀՀ օրենքը նոր խնդիրներ է առաջացրել մի շարք տնտեսվարողների մոտ: Այլ կերպ ասած՝ Հայաստանում բիզնեսը դեռ չի հարմարվել այս կարգավորումներին: Շատերը նոր հնարքներ են մտածում օրենքը շրջանցելու համար, որպեսզի այս համակարգին անցումն իրենց համար վնասներով չլինի: Փոքր եւ միջին ձեռնարկատերերն արդեն մի քանի ամիս է, ինչ դժգոհում են՝ այս օրենքը բարդացրել է իրենց կյանքը: Տնտեսվարողների խոսքերով, բանկերը փոխանցումով գործարքների համար բարձր միջնորդավճար են պահանջում։ Խոսքը՝ 3 տոկոս միջնորդավճարի մասին է։ Բայց սա դեռ ամենը չէ:
Պարզվում է՝ ապրանք մատակարարող ընկերությունները նոր խնդիրներ ունեն, քանի որ տնտեսվարողները փոխանցումները կամ ժամանակին չեն անում, ուշացնում են կամ էլ՝ ընդհանրապես չեն անում: Մինչդեռ նախկինում գումարը վճարում էին կանխիկ, այսինքն գործում էր հետեւյալ կարգախոսը՝ գումարը կա ապրանքը կա: Ստացվում է, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դեռ բանկերն են շահում եւ գերշահույթներ ստանում: Արդյոք կվերանայվեն միջնորդավճարների չափերը, ցույց կտա ժամանակը: