ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 112

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր գումարվել, որի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց։ Ընտրության արդյունքներից ու հետընտրական «Ապրելու երկիր»-ՀԱԿ կոալիցիայից դժգոհ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ավագանու առաջին նիստը բոյկոտել ու չէին ներկայացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա յուրայինները մեկ անգամ չէ, որ խոսել, քննադատել ու դատափետել են խորհրդարանական ընդդիմության՝ մայիսից սկսած բոյկոտը՝ ասելով, թե ընդդիմությունն ԱԺ նիստերի մասնակցելով էլ կարող է իր բողոքն ու ցասումը տեղ հասցնել։ Եթե խորհրդարանական ընդդիմության բոյկոտը պատճառաբանված է, լուրջ հիմքեր ունի, ապա ՔՊ-ի՝ Ալավերդիում համայնքապետ ընտրելու նիստին չմասնակցելը պարզապես երեխայական կամակորություն է։  Ժողովրդավարության մասին օրուգիշեր ասք ասող իշխանությունը, փաստորեն, դեմոկրատիան միայն իրեն հարմար ձեւով ու սեփական ափսեի մեջ է պատկերացնում, իսկ ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերը բոյկոտելը քննադատելով` Փաշինյանը հերթական անգամ շեղել ու խաբել է մարդկանց։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս պարգեւավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգեւավճարներ չեն ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգեւավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, եւ ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել ԱԺ նախագահութունը: Հարցն ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին ուղղեցինք: «Քանի որ պատգամավորները չեն գալիս աշխատանքի, իրենց օգնականները հայեցողական պաշտոնի մարդիկ են: Նրանք, ենթարկվելով պատգամավորներին, աշխատանքի չեն գալիս: Հաշվի առնելով պատգամավորների ու նրանց օգնականների բացակաները՝ որոշվել է, որ պարգեւավճար են ստանալու միայն նրանք, որ պատշաճ կերպով աշխատանքի են եկել»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Խաչատրյանը: Ի՞նչ է ստացվում. օրվա իշխանությունն անգամ պատգամավորների՝ առանց այն էլ ոչ բարձր աշխատավարձ ստացող օգնականների դեպքում է «իմ ու քո անում», մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանում: Հավելենք, որ կան ՔՊ-ական շատ պատգամավորների օգնականներ, որոնք ամիսներով աշխատանքի չեն հաճախում, նրանց դռները կողպված են, բայց քանի որ իշխանական պատգամավորի օգնական են, նաեւ պարգեւատրվում են՝ աշխատանքի չգալու համար:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դստեր գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ  դատելով իրավիճակից՝ առաջիկայում դատավոր Անի Հարությունյանը կհրավիրվի ԱԱԾ՝  հարցաքննության: Դատավորը եւ իր մտերիմ շրջապատը սպասում  են գործով քննության ընթացքին, որպեսզի հասկանան, թե  որտեղից է  «գալիս քամին»,  եւ այս քրեական հետապնդմամբ ինչ են ուզում հասկացնել դատավորին: Նկատենք, որ Անի Հարությունյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի  կինն  է: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:

 

 

 

Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Վարույթ հարուցող մարմինը մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է: Պարզվում է՝ քաղաքապետարանից պահանջվել է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացման դիմումների վերաբերյալ տեղեկատվություն, «Քաղաքաշինություն» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված բոլոր գործող պայմանագրերի պատճենները: Բացի այս, քաղաքապետարանը պետք է հանձնաժողովին ներկայացներ նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ին 2018 թվականի հունվարի 1-ից մինչ օրս տրամադրված ֆինանսավորումների եւ կատարողականների վերաբերյալ տեղեկատվություն: Այս տվյալները փոխանցելու համար քաղաքապետարանին տրվել է ժամանակ՝ 5 աշխատանքային օր, սակայն քաղաքապետարանը պահանջված տեղեկատվությունը չի ներկայացրել սահմանված ժամկետում: Ըստ հանձնաժողովի՝ քաղաքապետարանի վարքագիծն առերեւույթ պարունակում է պետական մարմնի պարտականության խախտման հատկանիշներ: Ավելին՝ հանձնաժողովն այս դեպքում իրավասու է տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին եւ դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք: Նկատենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, իսկ այս ստուգմամբ ինչ էլ պարզվի, վերաբերելու է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին. չէ՞ որ ինքնակամ շինություններն ապամոնտաժողը նախկին քաղաքապետ Հայկոն էր, ու եթե չարաշահումներ լինեն, նրա պաշտոնավարմանն են վերաբերելու:

 

 




Լրահոս