Ընտրություններից մոտ 1 տարի անց Վանաձորը ղեկավարվում է առանց հաստատված բյուջեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչև օրս քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, ամեն բան անում է, որ այստեղ լիարժեք իշխանություն այդպես էլ չձևավորվի: Թեև «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Ասլանյանն այս պահին կալանավորված է, (ինչն, ի դեպ, որպես քաղաքական հետապնդում է որակվում), Վանաձորն էլ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող ունի, ամեն դեպքում, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը հաստատված բյուջե չունի: Բացի այդ՝ ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի: Նշենք, որ ձայների հարաբերակցությունն այստեղ 17/16 է՝ հօգուտ Մամիկոն Ասլանյանի:

Ընտրություններից հետո ավագանու մի քանի (2-3) նիստ է ընդամենը հրավիրվել, բայց դրանք բոլորն էլ տեղի չեն ունեցել: Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությունն այստեղ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակել նախկինում քրեական գործերով անցնող Արկադի Փելեշյանին, որ ըստ մեղադրանքի՝ Հայ Ավետարանական եկեղեցու հովվի էր ծեծել իր իսկ աշխատասենյակում:
Ու քանի դեռ Ասլանյանը շարունակում է կալանքի տակ մնալ պաշտոնյայի աթոռին, ըստ երևույթին, բավական հարմար տեղավորված Փելեշյանը շարունակում է կառավարել քաղաքը: Բայց թե ինչպե՞ս է դա հաջողվում, երբ քաղաքը հաստատված բյուջե չունի, դա թերևս բոլորի համար շարունակում է անհասկանալի մնալ:

Իրավաբան Արսեն Բաբայանի հիմնավորմամբ՝ համայնքային բյուջեն հաստատում է ավագանին, իսկ ընթացիկ տարվա բյուջեն ավագանու կողմից հաստատված չլինելու դեպքում տվյալ տարվա համար հաստատված է համարվում նույն համայնքի նախորդ տարվա բյուջեն: «Սրա տրամաբանության հիմքում ընկած է այն արդարացի մոտեցումը, որ նույն համայնքն է, նույն եկամուտներով և նույն ծախսերով, ուստի հնարավոր է որպես ծայրահեղ միջոց կիրառել նախորդ փորձը»,- մանրամասնում է Բաբայանն ու ավելացնում,- «Օրենքի այս պահանջից ելնելով Վանաձորի համար ընթացիկ տարվա բյուջեն չի կարող նախորդ տարվա համամասնությամբ հաստատված համարվել, քանի որ նախորդ տարում Վանաձոր խոշորացված համայնք գոյություն չի ունեցել: Վանաձորում նախորդ տարի կատարվել է համայնքի խոշորացում, միացվել են այլ համայնքներ և այդպիսով ստեղծվել է լրիվ նոր խոշորացված համայնք, որն էլ, բնականաբար, ենթադրում է նոր եկամուտներ և նոր ծախսեր»:

Ի՞նչ է ստացվում, Վանաձորը մոտ մեկ տարի առաջ ավագանի է ընտրել, ինչն էլ պետք է քաղաքային իշխանություն ձևավորեր, բայց հանրապետության երրորդ քաղաքն առ այս պահը ղեկավարում է մի մարդ, որին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ ամենատարբեր բնորոշումներ էր տալիս:

Սևակ Վարդումյան




Լրահոս