Վանո Սիրադեղյանի մահվան մեկ տարվա հիշատակի արարողությունը՝ նեղ շրջանակով. ՀԱԿ-ից ոչ ոք ներկա չի եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Վանո Սիրադեղյանի մահվան մեկ տարվա հիշատակի արարողությունն է տեղի ունեցել: Սիրադեղյանի հարազատների ու ընկերների շատ նեղ շրջանակ հավաքվել է հայտնի գործչի հայրենի Կոթի գյուղում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի տարելիցի ու հիշատակի արարողութունը կինը՝ Ռուզան Տոնոյանն է կազմակերպել: Մեզ հայտնի դարձավ, որ տարելիցի արարողությանը բավականին սահմանափակ թվով մարդիկ են ներկա եղել՝ մոտ 50-60 մարդ. նախկին դաշնակցական, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է եղել, «Սարդարապատ» հուշահամալիրի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանը, Սիրադեղյանի ընտանիքի անդամները, հարազատները: Մեզ ասացին, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից որեւէ մեկը ներկա չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ռուզան Տոնոյանը մեզ ասաց, որ ընտանիքի ցանկությունն է եղել՝ ընտանեկան նեղ միջավայրում հավաքվել, հիշել: Դրանով է պայմանավորված, որ մեզ տեղյակ չեն պահել»:  Իշխանության ներկայացուցիչներ կամ պետական այրեր, պաշտոնյաներ նույնպես ներկա չեն եղել:

Տեղեկացանք, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի շիրիմը պատրաստ չի եղել, շինարարական որոշ աշխատանքներ արված են եղել, բայց այն ավարտուն տեսք չի ունեցել: Գերեզմանաքար կամ հուշաքար-հուշարձան նույնպես տեղադրված չի եղել: Հիշեցնենք, որ վերջին 20 տարիներին Հայաստանից դուրս բնակվող Սիրադեղյանը 75 տարեկանում էր մահացել արտերկրում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս