ԵՄ առաքելության անդամները Վարդենիսում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը, գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր:Այս մասին  տեղեկացրել է մարզպետը:

«Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել ենք Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուք եւ Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։

Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի հետևանքով Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ կրել են Սոթք եւ Կութ բնակավայրերը։ 148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան եւ բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը»,- ասված է գրառման մեջ:

Նշվում է, որ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրել է զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին եւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։

Դիտարկումներն իրականացվել են չափիչ սարքերի միջոցով։

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրել են, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։

Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն:




Լրահոս