ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։

«Ըստ էության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կազմում ունենք ջրային ոստիկանություն, որն իրականացնում է մի շարք ֆունկցիաներ։ Բայց պետք է նշել, որ բացի դասական ոստիկանական ֆունկցիայից, ջրային պարեկային ծառայությունը նաև ենթադրում է անմիջապես Սևանա լճի տարածքի վրա ոստիկանական ֆունկցիայի իրականացում»,-նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանը:

Ջրային պարեկային ծառայություն ստեղծելու նպատակով մշակվել է հայեցակարգ, որով նախատեսված են մի շարք միջոցառումներ ու աշխատանքներ, որոնց արդյունքում Սևանա լճի վրա կունենանք բոլորովին այլ ջրային ոստիկանություն։ Ինչպես ներկայացրեց Արփի Սարգսյանը՝ «Պետք է ձևավորվի պարեկների թիմ՝ պարեկային ծառայության կազմում, որը կկարողանա ամբողջ տարին ջրային տարածության վրա իրականացնել պարեկություն։ Ըստ էության՝ ջրային պարեկները լինելու են հնգամսյա ուսումնական պրոցեսն անցած պարեկները, որոնք կունենան լրացուցիչ մասնագիտացում։ Հնգամսյա ուսուցման պրոցեսից հետո նրանք պետք է անցնեն երկու վերապատրաստում։ Առաջինը բուն ջրային պարեկային ծառայությանը բնորոշ վերապատրաստումներն են, իսկ երկրորդը առաջին փրկարարական օգնություն ցուցաբերելուն միտված վերապատրաստումներն են, նաև ջրային ռադիոկապի հետ կապված վերապատրաստումները»։

Վերապատրաստումները կանցկացվեն միջազգային գործընկերների օժանդակությամբ։ Նախատեսվում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ։ Այսինքն, բացի տեսական գիտելիքներից, ապագա ջրային պարեկները հնարավորություն կունենան հենց Սևանա լճում մասնակցել վերապատրաստումների։ Վերապատրաստումը ենթադրում է ինչպես դասական ջրային պարեկության իրականացում, այնպես էլ փրկարարական առաջին օգնության տրամադրում, սուզվելու հմտություններ և այլն։ Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան INL ծրագրի շրջանակներում՝ արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել ՀՀ կառավարությանը՝ վերապատրաստումները պատշաճ կերպով իրականացնելու համար։ «Պետք է շնորհակալություն հայտնեմ մեր ամերիկյան գործընկերներին, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակելու պարեկային ջրային ծառայության նոր ծառայողների վերապատրաստման հարցում, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։ Ծրագրի իրականացման գործում նաև մեծ օժանդակություն է ցուցաբերում արդարադատության նախարարությունը»,- նշեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Ծառայության պատշաճ իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ՝ ջրային պարեկային ծառայության հենակետեր, պահպանվող հատուկ տարածք և այլն։ «Նախատեսում ենք սկզբնական շրջանում ափամերձ տարածքներում ստեղծել 4 հենակետեր՝ այսօր գործող 1 հենակետի փոխարեն: Նպատակը ինչպես հանգստացողների, քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելն է, այնպես էլ բուն լճում կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելումը»,-ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։ Ըստ գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ձեռք կբերվի ժամանակակից ջրային հատուկ տեխնիկա։ Արդեն կան քննարկվող տարբերակներ։ Վերջնական որոշումից հետո կմեկնարկի ձեռքբերման գործընթացը։

Ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն կլոր տարի։ Սևանա լճի ամենապիկ ժամանակաշրջանը, բնականաբար, ամառն է։ Ամռանը ջրի վրա պարեկները կպահպանեն հասարակական կարգը, կհայտնաբերեն իրավախախտների։ Ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, կկանխեն և կբացահայտեն Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքեր։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ «Ոչ սեզոնային ժամանակահատվածում ջրային պարեկները պետք է իրականացնեն ծառայություն նաև այլ ոլորտներում, այսինքն՝ իրենց գործառույթներից բխող այլ ծառայություններ ևս իրականացնեն՝ հասարակական կարգի անվտանգության ապահովում, դեպքի վայրի պահպանություն, ահազանգերի օպերատիվ արձագանքում և այլն»։

Միջոցառումները շարունակվում են։ Եվ ըստ մշակված հայեցակարգի ու ժամանակացույցի՝ 2023 թվականի երկրորդ կեսին Սևանա լճում կգործի ջրային պարեկային նոր, ժամանակակից ու պրոֆեսիոնալ ծառայություն։




Լրահոս