Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում։
«Հայաստանի տնտեսություն. Առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տեսլականին և գրավչությանը:
«Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ պայմանավորված նաև նրանով, որ 2013 թվականից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ դա չի խանգարում Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությանը։
Դասախոսության ընթացում նախագահն անդրադարձել է նաև ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճի տեմպերին և դրանց պատճառներին, որոնք կապված են նաև մասնավորապես Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից աշխատուժի և ընկերությունների ներհոսքի հետ: Նախագահի խոսքով՝ Հայաստանի հարկային դաշտի և ֆինանսաբանկային համակարգի բարենպաստ պայմանները հավելյալ խթան են օտարերկրյա ներդրողների և ձեռնարկությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բարձր տեխնոլոգիաների բնագավառին, օտարերկրյա ընկերություններին և ներդրումներին և գործուն քայլեր է ձեռնարկում դրանք առավել բարենպաստ և գրավիչ դարձնելու ուղղությամբ։