Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն այն համոզմանն է, որ բուհերի միավորման հիմքում բացառապես քաղաքական ենթատեքստ է ընկած: Նա անթույլատրելի է համարում, որ, առանց իրենց՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողների հետ քննարկումների կամ զրույցների, կառավարությունը քնել-արթնացել է ու որոշել Բրյուսովի համալսարանը Մանկավարժական համալսարանի ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորել: «Բուհական համակարգն ավերում են, հետո նո՞ր ասեն՝ ինչու այսպես եղավ»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է նա:
-Պարո՛ն Ակոպյան, Բրյուսովի անվան լեզուների համալսարանում դասապրոցեսը արդեն խաթարված է, ուսանողները համաձայն չեն տարածված այն լուրերի հետ կամ նախագծի հետ, ըստ որի՝ Բրյուսովի համալսարանը պետք է միանա Մանկավարժական համալսարանին եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին: Կառավարությունից մեկնաբանում են, որ սա դեռ հստակ չէ, հնարավոր է՝ փոփոխություններ կատարվեն, բայց նաեւ մեկնաբանել են, որ ուսանողները շտապել են: Ի՞նչ է իրականում կատարվում, ո՞րն է ուսանողների եւ ձեր հիմնական պահանջը:
-Առաջնահերթ շնորհակալ եմ հարցազրույցի եւ մեր միջոցառումները լուսաբանելու համար: Իրականում քիչ առաջ կրթության նախարարը ասուլիս էր տալիս եւ չհերքեց: Փաստորոն նման գործընթաց ընթանում է, եւ ոչ մեկ չի շտապել: Չնայած մեր կոչերին, որ ուսանողները գոնե այսօր դասերին ներկա գտնվեն, քանի որ վաղը նախատեսվում է գիտական խորհրդի նիստ անցկացնել, որտեղ հրավիրել ենք փոխվարչապետին, նախարարին մեր հարցերի պատասխանները տալու համար, բայց այս հորդորը ուսանողները չլսեցին եւ շարունակում են իրենց բողոքի ակցիան: Ուսանողները ինքնավար են, եւ ես պարտավոր եմ ամեն հարցում կանգնել ճշտի եւ ուսանողի կողքին:
-Ուսանողի համար ի՞նչ տարբերություն՝ կրթությունը կստանա Բրյուսովի համալսարանում, թե միավորված մեկ այլ համալսարանում, որը ուրիշ անուն կունենա:
-Ինձ թվում է՝ այդ հարցին ավելի լավ կպատասխանեն ուսանողները: Ես՝ որպես երկար տարիների մասնագետ, որ աշխատում է կրթության ոլորտում, գիտեմ, որ այս հանպատրաստի փոփոխությունները կբերեն քաոսի: Չկա որեւիցե տեսլական, անհասկանալի են պատճառաբանությունները, ուզում ես փաստեր բերել, սակայն չես հասկանում՝ ինչ են ասում: Ուսանողների 85 տոկոսը մանկավարժ չի դառնում, մնում է 15 տոկոսը: Եթե այդ 15 տոկոսով է հարց լուծվելու, այդ դեպքում կարող ենք համեմատել եւ տեսնել, որ համալսարանն է ավելի լավ արդյունք տվել: Եթե իրենց որակը ավելի լավ է, այդ 15 տոկոսին տարեք էնտեղ, իսկ եթե հակառակը, ապա իրենց բերեք այստեղ: Այն, որ երկրում կա բուհերի միավորման խնդիր, մեզ չի վերաբերում, մենք ունենք դիմելիության բավականին աճ: Վերջին տարին է, որ մեր դիմորդները նվազել են, սակայն այդքան քիչ չեն, քանի որ Հայաստանում 3-րդ բուհն ենք դիմելիության ցուցանիշով: Ես երբեւիցե չէի պատկերացնի, որ բուհից ծածուկ կարող են որոշում ընդունել: Եթե չլիներ հոգաբարձուների խորհրդի նիստը, այդ որոշումը կգնար կառավարություն, նոր մենք այդ մասին կիմանայինք:
-Հիմա հարցը այն է, թե ինչու են դեմ ուսանողները եւ դասախոսները այս միավորմանը. չէ՞ որ սովորողը ե՛ւ միավորվածում կսովորի, ե՛ւ չմիավորվածում, եւ նույնը դասախոսը երկու դեպքում էլ կդասավանդի:
-Նախ դեմ ենք, քանի որ անորոշությունների մեջ ենք: Ես ինքս պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից, քանի որ սա արդեն սկզբունքային հարց է, անգամ քննարկվել է պաշտոնի հարցը: Ես չեմ պատկերացնում՝ ինչ է լինելու:
-Նախագիծը կներկայացնեն, եւ Դուք կիմանաք, թե ինչ կլինի:
-Այսինքն՝ կառավարության որոշումը ընդունվի, բուհական համակարգը տանք ավերենք ու չհասկանանք, նոր դրանից հետո հետ գնանք ու քննարկենք՝ ինչու արեցինք:
-Մի սեղանի շուրջ կնստեք եւ կքննարկեք խնդիրը:
-Մի սեղանի շուրջ նստում են նախապես՝ մինչեւ որոշում կայացնելը: Ժողովրդավարական երկիրը, իմ կարծիքով, դա է պահանջում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշում է հայտնի Մադրիդյան սկզբունքները եւ նախկին իշխանություններին մեղադրում, թե վերջիններս, այդ ամենը որպես բանակցությունների հիմք ընդունելով, ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս: 1990- ականների վերջից մինչեւ 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրվել են կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք այս ընթացքում տարբեր անվանումներ են ստացել: ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի մինչեւ այս եղած սկզբունքներն ու հարցի կարգավորման տարբերակները: Այս անգամ ներկայացնում ենք հենց Մադրիդյան սկզբունքները: Այդ առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ներկայացվել են 2007 ի նոյեմբերի 29 -ին Մադրիդում, այստեղից էլ անվանումը` Մադրիդյան սկզբունքներ: Այստեղ առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում Արցախի վերջնական կարգավիճակի հարցը հանրաքվեով որոշելու տարբերակը: Սկզբունքներում նշվում էր նաեւ, որ մինչեւ հանրաքվեով վերջնական կարգավիճակի որոշումը, այսինքն՝ միջանկյալ փուլում, Ղարաբաղի բնակիչները կունենան որոշակի իրավունքներ եւ արտոնություններ, օրինակ՝ կընտրեն սեփական իշխանություններին, կունենան սեփական դատարաններն ու կստանան միջազգային ֆինանսական աջակցություն՝ խաղաղ զարգացման համար: Երրորդ կետը վերաբերում էր Ղարաբաղին հարակից տարածքներին. նշվում էր, որ հայկական վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, բայց ոչ բոլորը միանգամից. Քարվաճառը, մասնավորապես, պետք է մնար անցումային հանձնաժողովի վերահսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում նշվում էր նաեւ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի մասին, անդրադառնում էին նաեւ Ղարաբաղի շրջակա տարածքների ապառազմականացանը, խաղաղապահների տեղակայմանը, փախստականների վերադարձին, տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ու խաղաղության ապահովման համար անհրաժեշտ այլ քայլերի: Սակայն այս սկզբունքները չընդունվեցին, ավելին՝ Արցախը դեմ էր դրանց, իսկ Ադրբեջանի արձագանքից պարզ էր դառնում, որ անկախ կարգավիճակի հարցով հանրաքվեն Բաքուն բացառում է: Այսպիսով, հարցը կրկին մտավ փակուղի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՆԱՄՔՈՎ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, գիտխորհրդի նիստ են պատրաստվում անցկացնել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որին հրավիրել են մասնակցելու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին եւ ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին:
Հիշեցնենք, որ երեկվանից Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները դժգոհում են. առանց իրենց ու դասախոսների կարծիքը հաշվի առնելու, կառավարությունը որոշել է միավորել Հայաստանի Հանրապետության պետական 3 բուհ՝ Երեւանի մանկավարժական համալսարանը, Բյրուսովի անվան լեզվաբանականն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
Ի դեպ, լիազոր մարմնի ղեկավար Վահրամ Դումանյանը երեկ հաստատել է՝ կառավարությունը 3 բուհերը միավորելու ծրագիր ունի:
Թե ինչու են մինչ օրս նախագիծը խնամքով թաքցրել, հայտնի չէ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է
Հայկական պատվիրակությունները վերջին շրջանում, համաձայնեք, բավական ակտիվ հանդիպումներ են ունենում միջազգային ամենատարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանք թեեւ մեծամասամբ Արեւմուտքը ներկայացնող անձինք կամ կազմակերպություններ են, բայց հայկական կողմը, միեւնույնն է, սպասում է, թե ռուսական կամ պրոռուսական ուժերը, կենտրոններն ու անհատներն ընդհուպ ինչ են ասելու։ Իսկ մինչեւ Ռուսաստանը կամ աշխարհի այլ երկրներ, անհատներ, կազմակերպություններ կասեն կամ կանեն, Ադրբեջանը թե՛ ասում, թե՛ անում է։
Այս օրերին Աստանայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նորից հույս է հայտնել, թե պաշտոնական Մոսկվան կօժանդակի ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցում։ Նույն այդ րոպեներին, սակայն, ադրբեջանական զորքը կամ գուցե քաղաքացիական անձինք Հադրութում հերթական հայկական կոթողն են վերացնում՝ այդպիսով փորձելով վերացնել հայկականությունն ու հայկական հետքը։ Բորենիների այդ ձեռագիրը իհարկե նոր չէ, պարզապես նրանք, ի տարբերություն մեզ, գործում ու իրենց հնարած պատմությունը փորձում են մոտեցնել ցանկալի իրականությանը։
ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բնականաբար, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ, որ մենք կօգտվենք այսօրվա հնարավորությունից եւ կքննարկենք բոլոր հարցերը»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերներից մեկը։ «Ապրանքաշրջանառությունն աճում է։ Անցած տարի այն աճել է մոտ 14 տոկոսով։ Այս տարի այն աճել է եւս յոթ տոկոսով։ Մեր տնտեսական օպերատորները 4,5 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ»,- ասել է Պուտինը։
Իր հերթին Ալիեւը վստահեցրել է, որ Բաքուն պատրաստ է «երկարաժամկետ խաղաղության»։ «Մենք հավատարիմ ենք երկարաժամկետ խաղաղությանը եւ կարծում ենք, որ առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի վերջապես խաղաղություն ձեռք բերվի»,- հավելել է նա։