ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ են ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Սամադ Սեիդովի վեր հանած հարցերին: Պարո՛ն Սեիդով, Դուք շատ բարդ դեր եք խաղում: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան լավ եմ ես Ձեզ հասկանում, թե որքան դժվար է տարիներ շարունակ պաշտպանել չարը: Ամեն դեպքում, դա Ձեր ընտրությունն է, բայց այս կազմակերպությունն արժեքների կազմակերպություն է, ըստ այդմ՝ եկեք խոսենք արժեքների մասին, քանզի կարեւոր է, երբ մենք խոսում ենք պարտավորությունների մասին:
Պարո՛ն Սեիդով, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցեցին այս հարգարժան կազմակերպությանը, մենք պարտավորություն ստանձնեցինք զերծ մնալ քաղաքական խնդիրների լուծման հարցում ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումից, սակայն այդ պատահեց 2020թ., եւ ոչ ոք չարձագանքեց: Մենք գիտեինք, որ այս օրը գալու է: Այսօր, բարեբախտաբար, ձեզանից շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ:
Երբ պարոն Սամադ Սեիդովը խոսում է Ադրբեջանում հայկական ուժերի առկայության մասին, ուզում եմ ասել, որ դա ամբողջովին սուտ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանել իր էքզիստենցիալ գոյությունը:
Նայեք, թե ինչ է կատարվում. մասնատում, նվաստացում, դիտավորյալ սպանություն: Համենայնդեպս, մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք, եւ նրանք փորձում են իրացնել այդ իրավունքը»:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նույնպես անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային: «Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարեւանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն եւ չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պարոն Գավանն այդ ամենը ներկայացրեց:
Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց: Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021թ.: Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ: Հիմա՝ մի քանի ամիս անց, ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, եւ կան կադրեր, որտեղ երեւում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները նախկինում չեն դատապարտվել:
Այս կազմակերպությունում խաղաղության մասին խոսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ԵԽԽՎ նախագահ պարոն Քոքսն ինձ եւ պարոն Սեիդովին հրավիրել էր հանդիպել Փարիզում Մշտադիտարկման հանձնաժողովի նիստի շրջանակում: Այդ հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին: Ինչո՞ւ այն տեղի չունեցավ: Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, ու ես չգնացի Փարիզ:
Հարգելի՛ գործընկերներ, խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է:
Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկանում այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է: Հասկանում եմ:
Բայց սա այլ է: Սա այն դեպքն է, որ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարեւանի վրա եւ օկուպացնում է նրա տարածքը. դա պետք է դատապարտվի: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ անդամություն է ստացել նաեւ իր իսկ քվեով:
Բանն այն է, որ պատգամավորների թվում, որ ընտրել են ԿԸՀ նոր անդամներին, նաեւ Վահագն Հովակիմյանն է եղել: Այսինքն՝ Հովակմյանն ինքն իր թեկնածությանը կողմ է քվերակել, ինչը ակներեւ շահերի բախում կարող է առաջացնել:
Պատգամավոր Հովակիմյանը, ըստ տրամաբանության, չի կարող ԿԸՀ անդամի թեկնածու Հովակիմյանին ընտրել: Ընտրելու դեպքում էլ, պարզ է, ինքն իրեն դեմ չէր քվեարկի: Հարցի առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանել:
ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԺԱՄԱՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:
Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Մանրամասներ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաեւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը եւ Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպմանն Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետեւ կողմերը մտքեր են փոխանակել եւ գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակի վերաբերյալ:
ՔԱՐՏԵՐԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ
«ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի մանրամասները պարզաբանելու ակնկալիքով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ընկերություն՝ հետաքրքրվելով, թե ինչու է վաճառքի հանվել «Վիվա ՄՏՍ»-ը, որքան արժե ընկերության բաժնետոմսերի փաթեթը, ով կամ ովքեր են հավանական գնորդները, եւ երբ կկայանա առուվաճառքը: Մեր բոլոր հարցադրումների մեջ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունը առեւտրային գաղտնիք է տեսել ու չի հանրայնացնում ընկերության վաճառքին կամ արհեստական վաճառքին առնչվող հարցերը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր նաեւ, թե Ռալֆ Յիրիկյանի հեռացումն ինչ առնչություն ունի վաճառքի գործընթացի հետ: Ինչպես հայտնի է, 2004 թվականից «Վիվա ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախորդ տարի հուլիսի 15-ին անակնկալ կերպով հեռացավ ընկերությունից: Տնօրեն նշանակվեց Արմեն Ավետիսյանը, որը ընկերության արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահն էր: Ռալֆ Յիրիկյանի անակնկալ հեռացումն էլ «ՄՏՍ Հայաստանը» համարել է առեւտրային գաղտնիք եւ չի պատասխանել մեր հարցին: Ուշագրավ է, որ նույն՝ առեւտրային գաղտնիքի պատճառաբանությամբ «ՄՏՍ Հայաստան»-ը հրաժարվել է պատասխանել նաեւ կարեւորագույն այն հարցին, թե ինչպես են ադրբեջանցի հատուկ ծառայության աշխատակիցները կարողացել ձեռք բերել «Վիվա ՄՏՍ»-ի հեռախոսային քարտեր: Հիշեցնենք, որ 2020թ.-ի հուլիսի 24-ին՝ պատերազմից ամիսներ առաջ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբր կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում) հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պատասխանել է՝ առեւտրային գաղտնիք է եւ չեն կարող ասել, թե նշված հեռախոսահամարները ում են վաճառվել կամ ում անունով են գրանցված:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար Կովկասի տարածաշրջանում եւ դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Գործակալությունը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը տեղի են ունեցել սեպտեմբերին, դրանց հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի: