«ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» ՆԵՐԽՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի պլազա» ներխուժած անձի գործով դատարանը որոշում է կայացրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 22-ին դատավոր Դավիթ Բալայանը որոշել է Արթուր Թորոսյանին ազատել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով պատասխանատվությունից եւ պատժից ու նրա նկատմամբ այդ արարքի կատարման համար կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:

 

Որոշում է կայացվել իրեղեն ապացույց ճանաչված հԸլթԸ-12Ս մոդելի, 12 տրամաչափի «16600022» համարի որսորդական ողորկափող ինքնալից կարաբինն իր պահեստատուփով, այդ հրազենի թղթե արկղը, 14 հատ 12 տրամաչափի որսորդական փամփուշտները, 2 հատ փողային վարդակը, 1 հատ պտուտակահանը, հրազենի մաքրման պարագաները եւ շամփուրը հանձնել ՀՀ ոստիկանությանն ի տնօրինություն, 12 տրամաչափի որսորդական ողորկափող զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտի կրակված պարկուճները, խից-կոնտեյներները, բեկորները /կրակված կոտորակները/ եւ դեպքի վայրից առգրավված պարկը ոչնչացնել, իսկ «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ին պատկանող փափուկ կահույքը, շրիշակը, սյան երեսպատված շագանակագույն փայտաթելքի իրանից հարթակներն ու առաստաղը թողնել «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ն տնօրինությանը: Որոշում է կայացվել Արթուր Թորոսյանի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը, թողնել ուժի մեջ մինչեւ հարկադրանքի միջոցի կիրառման սկիզբը:

Ասել է թե՝ դատարանը որոշել է՝ անձը անմեղսունակ է եւ պետք է բուժվի:

2020 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 14։40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր եւ տեղափոխվել ոստիկանություն:

Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի 3-րդ եւ 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: Այս գործը դատարանում է, եւ այն քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ Զարեհ Սարգսյանին, հրավիրել է քննչական մարմին եւ քրեական վարույթով ճանաչել տուժող. քրեական վարույթով նաաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Զարեհ Սարգսյանը:

Ի դեպ, դեկտմեբրի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը:

Նկատենք, որ պայթյունը եղել էր Սարգսյանին պատկանող Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում:

Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականություն է եղել, թե ՔՊ-ական պագամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն:

Նկատենք, որ վերոնշյալ դեպքից տասն օր առաջ Aravot.am-ը գրել էր՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով անհայտ քաղաքացին ԱԻՆ-ին ասել է, թե ինքը Խոտաբիչն է եւ պատրաստ է պայթեցնել Հայաստանի բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը: ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»: Չի բացառվում, որ վերոնշյալ դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն:

ArmLur.am-ը ավելի վաղ էր տեղեկացրել՝ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 05.00-ին Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Պայթյունից վնասվել էր Ն. Զարյան փողոցի խանութ-յուղման կետի դռան ապակին։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

Դատախազությունը 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից եւ վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետեւյալը՝

– 11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երեւան քաղաքում, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,

– մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,

– 156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։

 

 

 

ԾԵԾԿՐՏՈՒՔ՝ ԱՅԳՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բրար Հարջինդեր Սինգհին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Օղակաձեւ» այգու 6-րդ հատվածում նախկին ընկերուհու՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ջասմիիթ Բալդեւ Սինգհի Կորի հետ միջանձնային հարցեր պարզելու ընթացքում դաստակին եղած մետաղյա թեւնոցով դիտավորությամբ 6-7 անգամ հարվածներ է հասցրել Ջասմիիթ Կորի գլխի շրջանում՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեցին Հակակոռուպցիոն դատարան:

Ի դեպ, գրել էինք, որ «Գլխավոր դատախազությունն ու ԲԴԽ-ն ներքին գզվռտոցի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով նախկին պաշտոնատար անձանց գործերը։ Դատարանը դատախազության պահանջը վարույթ է ընդունում, որոշում, թե նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող որ դատավորները պետք է քննեն։

Այսինքն՝ գործը հասել է դատարան, սակայն դատարանում նիստերը չեն կայանում:

Ինչո՞ւ չեն կայանում նիստերը. պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից մեզ պատասխանեցին. «Գործերը քնեցնելու որեւէ միտում չկա, Հակակոռուպցիոն դատարանը նոր է ձեւավորվել, եւ, հետեւաբար, գործերը վարույթ ընդունելուց հետո սահմանված ժամկետներում կնշանակվեն նաեւ դատական նիստերի օրերը»:

Պարզվում է, որ բոլոր գործերը չէ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններն են քննելու։ Մի մասը տեղափոխվելու են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նոր նշանակված դատավորները դեռ կնիք ստանալու ու աշխատասենյակ ունենալու հարց են լուծում: Ի՞նչ է ստացվում. դեռեւս 2018թ.-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քանիցս շրջանառված թեզը, թե «թալանը կոպեկ առ կոպեկ» հետ են բերելու, դեռեւս համալիր գործընթացի չի վերածվում, ավելին` ձգձգվում ու դանդաղում է։ Հիմա էլ կնիք չունեն»:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս