ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏԿԱՌԵԼԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը թվով 16 անշարժ գույքի սեփականատեր է: Նշենք, որ դրանց մեծ մասը գտնվում է Երեւանի կենտրոնում: Օրինակ, նա 2021 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ ունի երկու բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 10 տարածք, երեք ավտոկայանատեղի, երեքն էլ՝ Երեւանի կենտրոնում, մեկ ամառանոց՝ Արզնիում, որը նա գնել է 2020 թվականին: Դատավորի շարժական գույքը մեկն է՝ 2016 թվականի արտադրության BMW, որը նա գնել է 2017 թվականին: Բացի այս, Անի Հարությունյանը 27 մլն 900 հազար դրամի չափով բաժնային արժեթղթեր ունի, որոնք նա նվեր է ստացել 2010 թվականին:

 

Նախորդ տարեվերջին դատավորի փոխառությունները կազմել են 39 մլն 696 հազար դրամ, 178 հազար 400 դոլար, որից 100 հազար դոլարի պարտապանը Գեւորգ Նարինյանն է: Խոսքը իր գործընկեր դատավոր Գեւորգ Նարինյանի մասին է, որին Հարությունյանը պարտքով գումար է տվել: Ի դեպ, այս մասին հայտարարագրում ներկայացրածը դատախազությունը կասկածի տակ է դրել՝ համարելով, որ դատավորը կեղծ տվյալներ է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 11-ին միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն գլխավոր դատախազության` դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը մերժել էր: Հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում: Թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ բանկային հաշվին մնացորդը կազմել է 10 հազար դոլար եւ 100 հազար դրամ: Դատավորը ունեցել է 23 մլն դրամի եւ 110 հազար եվրոյի չափ կանխիկ գումար:  Դատավորի 2021 թվականի եկամուտը կազմել է ընդհանուր կազմել է 46 մլն 656 հազար դրամ: Սեփական աշխատավարձը կազմել է ընդհանուր 8 մլն 561 հազար դրամ, ամսական՝ 713 հազար դրամ: Դատավորը վարձակալության դիմաց ստացել է վճարներ, օրինակ «Փարիզ» հոթելից ստացել է 20 մլն 334 հազար դրամ, «Արեգակ ՈՒՎԿ»-ից՝ 10 մլն 800 հազար դրամ, «Ութ յոթ ութ յոթ» տեղեկատուից՝ 4 մլն 270 հազար դրամ, «Գրիար սպասարկում»-ից՝ 1 մլն 80 հազար դրամ, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 1 մլն 610 հազար դրամ:

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 37 մլն 619 հազար դրամ եւ 37 հազար դոլար:  Դատավորը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ վարկային պարտավորություններն է մարել: Խոսքը 11 մլն 740 հազար դրամի եւ 23 հազար 800 դոլարի մասին է:

Նշենք, որ Անի Հարությունյանը Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ դուստրն է: Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է, իսկ նրա հորաքրոջ որդին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

10-ՕՐՅԱ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը:

Սա Հայաստանի անկախության պատմության մեջ երրորդ մարդահամարն է:

Սրանից առաջ Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001 եւ 2011 թվականներին:

Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը: Հիմնական  կարեւոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, հետո հարցեր են ուղղվելու նաեւ քաղաքացիներին: Կատարվելու է ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով, այսինքն՝ հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթ: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:

Կհավաքագրվեն տվյալներ նաեւ մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու  39 հիմնական հարց եւ տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ եւս 5 հարց: Մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:

 

 

 

25-ՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրաժարվում են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից, փոխարենը այն կտեւի 25 օր։ Պապիկյանն այս մասին հայտարարեց հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ։

«Մեր նպատակը հետեւյալն է. մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացի անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։

Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից, բայց սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետեւ շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ընդգծեց Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը շեշտեց, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ շատ երկար ժամանակ պահեստազորը չէր հրավիրվել եռամսյա հավաքների մասնակցության, եւ կառավարությունը որոշեց իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը:

«Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաեւ վճարվում են, բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ  չէ, եւ որոշեցինք այն դարձնել մեկամսյա եւ պարտադիր բոլորի համար»,- ասաց Փաշինյանը։

 

 

 

 

 

ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի  պաշտպանության նախարարությունը  հայտարարություն է տարածել, որով   քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել զինծառայողների համար սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները։ Այդ հայտարարությունից կարող է տպավորություն ստեղծել, որ Հայաստանի առաջնագիծը պաշտպանող  զինծառայողները սահմանագոտին պաշտպանության համար  սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների կարիք չունեն, Պաշտպանության նախարարությունը նրանց  այդ ամենով  ապահովել է։ Իմ վաղեմի ծանոթը՝ Բերդ քաղաքի բնակիչ Դավիթ Թումանյանը, ներկայումս եռամսյա վարժական հավաքի է, պաշտպանում է Վարդենիսի առաջնագիծը։ Բերդ քաղաքից  հայտնեցին, որ մոտ մեկ  ամիս առաջ Դ. Թումանյանը   կարճ ժամանակով վերադարձել է  հայրենի Բերդ,  Բերդ խոշորացված համայնքի գյուղերից   գնել լապատկայի, բահի տասնյակ փայտե կոթեր եւ դրանք տեղափոխել իր ծառայության վայր։ Մի քանի օր առաջ նա նորից տուն է վերադարձել, Բերդ քաղաքի  տնտեսական խանութից առաջնագծի իրենց դիրքի համար  սղոցներ, կացիններ, մուրճեր  վերցրել։ Խանութատերը, իմանալով, թե ինչ նպատակով է նա այդ գործիքները գնում, դրանց համար փող չի վերցրել, նաեւ իր  խանութից առաջնագծի կահավորման համար նման գործիքներ է նվիրել՝ դրանք հանձնելով առաջնագիծը պաշտպանող, սահմանագոտի վերադարձող   Դ. Թումանյանին։

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱՎՏՈԴՊՐՈՑԻ

Վասակ Լեւոնի Պապյանը 2022 թվականի հուլիսի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Տավուշի ավտոդպրոց»   ՍՊԸ-ի, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջի մասին։ 2022 թ. հուլիսի 18-ին   Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: 2022թ. օգոստոսի  31-ին դատարան է մուտքագրվել պատասխանողի՝ Տավուշի ավտոդպրոց»   ՍՊԸ-ի տնօրեն Ա. Փայտյանի պատասխանը, համաձայն որի՝ վերջինս խնդրել է Վասակ  Պապյանի հայցը՝ ընդդեմ «Տավուշի ավտոդպրոց» ՍՊԸ-ի, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանի   նախագահությամբ հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի աաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում  սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է կայացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս