ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 113

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած յուրաքանչյուր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է քննադատել նախկիններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, սակայն նախկինում այլ ուշագրավ հայտարարություններ նույնպես եղել են։ Օրինակ՝ 2020 թվականի հունվարին Կապանում վարչապետն իր ասուլիսում անդրադառնում է Սերժ Սարգսյանի  թողած բանակցային ժառանգությանը, ուշագրավ գնահատականներ է տալիս: Նա հիշատակում է Սարգսյանի  թողած բանակցային ժառանգությունն ու ասում, որ կարող է վերադառնալ դրան. եթե Արցախի ժողովուրդը որոշի՝ սա է ընդունելի տարբերակը, ճիշտ բովանդակությունը, ինքը երաշխավորում է, որ նույն պահին դա կհայտնվի բանակցային սեղանին, ոչ մի պրոբլեմ չենք ունենա։ Այսինքն՝ երկու տարի առաջ նա կողմ էր վերադառնալ Սարգսյանի բանակցային ժառանգությանը, սակայն ԱԺ ամբիոնից քննադատում էր Մադրիդյան սկզբունքները, ասում, թե Սերժ Սարգսյանը կապիտուլյացիայի փաստաթուղթ է թողել սեղանին եւ հեռացել։ Ստացվում է՝ նա կրկին մոռացել է իր խոսքերը ու մանիպուլացրել հասարակությանը՝ ստելով:

 

 

Դեռեւս այս տարվա հունիս ամսին Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, արցախյան հիմնադրամները քննելու հանձնաժողով ստեղծելու առաջարկով էին հանդես եկել: Գալստյանն ասում էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում գործող գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը քննելու անհրաժեշտություն կա: Պատգամավորի առաջարկին նախնական 9 պատգամավոր էր միացել, այդ թվում՝  Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Կարճ ժամանակ անց, սակայն, այդ մեկ պատգամավորը ստորագրությունը հետ էր վերցրել, իսկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե հիմնադրամներում տիրող ֆինանսական վիճակը կքննարկեն սեպտեմբերին: Հիմա արդեն հոկտեմբերն է, ու պարզ է, որ Գալստյանի բարձրաձայնած հարցը Բաբայանի կուսակցության համար ոչ միայն երկրորդ պլան է մղվել, այլ առհասարակ մոռացության է մատնվել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ներդրումների հիմնադրամից «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին 100 մլն դրամ է փոխանցվել (մոտ 244 հազար դոլար)՝ ըստ երեւութին Արցախում ինչ-որ ներդրում իրականացնելու համար: Տեղեկացանք, որ վարկը Բաբայանին առանց գրավի եւ լուրջ տոկոսների է տրամադրվել: Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց թե՛ անձամբ Սամվել Բաբայանի, թե՛ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապ հաստատել: «Պրն Բաբայանին կզգուշացնենք, որ լրագրող է զանգել»,- մեզ ասացին Բաբայանի գրասենյակից: Մինչեւ ուշ երեկո այդպես էլ մեզ հետ կապի դուրս չեկան: Ինչ վերաբերում է հիմնադրամին եւ նրա տնօրեն Էռնեստ Գրիգորյանին, ապա տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ հիմնադրամի քաղաքային հեռախոսահամարներից որեւէ մեկը զանգերին չպատասխանեց:

 

 

 

 

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի համար հարմարավետ պայմաններ են ստեղծում: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում կտրամադրվի։ Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կիրառել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի նկատմամբ: Արդեն մի քանի օր է, ինչ Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է, բայց արդեն սկսել է մտածել ֆինանսական վիճակը կայունացնելու մասին:

 

 

 

 

Նախորդ շաբաթից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած բողոքի ցույցերից հետո (որի ժամանակ արցախահայությունը տեղական կառավարությունից պահանջում էր ներկայացնել, թե ինչ է լինելու Արցախի ճակատագիրը, եթե հանկարծ Հայաստանի ղեկավարությունը որոշի «խաղաղության պայմանագիր» ստորագրել) Արցախի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երեւան է եկել՝ պարզաբանումներ ստանալու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արցախյան պատվիրակությունն այստեղ գրկաբաց ընդունելության չի արժանացել: Մի քանի օր շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել պատվիրակության ներկայացուցիչներին, չի պատասխանել անգամ հեռախոսազանգերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւս օրերով չի պատասխանել իր արցախցի պաշտոնակցի հեռախոսազանգերին։ Միայն նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ընդունեց Փաշինյանը: Ակնհայտ է, որ Փաշինյանն արցախցի պաշտոնյաներից կաշկանդվում է. հավանաբար նրանցից թաքցնելու բան ունի: Արցախի պաշտոնյաներին վերջապես՝ մի քանի օր անց՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այնուհետեւ՝ Ռուսաստան կատարած այցից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ընդունել, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նկատենք, որ Արցախի մեր հայրենակիցներն այստեղ՝ Երեւանում, քանի օր շարունակ սպասել են, որ իրենց Հայաստանի գործընկերներից որեւէ մեկը բարեհաճի ընդունել, սակայն չէր ստացվում: Սա թերեւս հենց վերաբերմունք է Արցախի ու արցախահայության նկատմամբ:




Լրահոս