Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ասում է, որ Արեւմուտքը շտապում է՝ հնարավորինս արագ կնքվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Նրա համոզմամբ՝ դա ոչ թե խաղաղության, այլ «Նիկոլի ջարդի» դարաշրջանի է մեզ տանելու:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ:
-Նախօրեին Աստանայում ԱՊՀ երկրների առաջնորդներն են հանդիպում ունեցել, երեկ էլ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի նախագահները Հայաստանին ուղղակիորեն վերաբերող հայտարարություններ են արել ոչ միայն արցախյան հակամարտության կամ կարգավորման հետ կապված, այլեւ Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապված։ Հայաստանից մինչ այս պահը արձագանքներ չեն հնչել: Երեկ նախագահների շուրթերից հնչեցրած հայտարարություններին ի՞նչ գնահատական կտաք: Ըստ Ձեզ՝ ի՞նչ են ուզում հասկացնել Հայաստանին։
-Նախեւառաջ պետք է արձանագրենք, որ այսօրվա վարչակազմը փորձում է իր քաղաքական վեկտորը փոխել դեպի Արեւմուտք, հետեւաբար կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից նման նախաձեռնությունը՝ կապված նոյեմբերի 9-ից հետո ստեղծված վիճակի հետ, ավելի շատ նպատակ ունի Հայաստանին դեպի ռուսական կողմ թեքելու։ Ճիշտ է, արձագանքը ուշացած է, քան նախատեսված էր, սակայն պետք է ընդգծենք, որ արեւմտյան կողմում կա բավական շտապողականություն չակերտավոր խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, որովհետեւ Արեւմուտքը նպատակ ունի արտաքին քաղաքականությունն է՛լ ավելի դյուրացնել ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրների շրջանակում, հետեւաբար այս հանդիպումը, ինչպես նշեցի, նպատակ ունի Հայաստանին դեպի ռուսական դաշտ բերելու։ Իսկ ինչո՞ւ են դա անում. պետք է նշենք, որ նոյեմբերի 9֊ի կործանարար համաձայնագիրը ստորագրվել է հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ, դրանից հետո եղել են եւս երկու հայտարարություններ հենց նույն Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Տրամաբանական է, որ ամբողջ փաթեթի կարգավորումը սկզբնական փուլում գոնե Ռուսաստանի ձեռքում էր, բոլոր մանեւրները՝ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս բերելու, ես կարծում եմ, որ կձախողվեն։ Այնպես չէ, որ ռուսական կողմը մեզ ավելի լավ տարբերակ է առաջարկում, բայց պետք է չմոռանալ, որ շտապողականությամբ կարող ենք ավելի վատ փաստաթուղթ ունենալ, քան ՌԴ֊ն է առաջարկում։ Սա՝ մեկ, եւ երկրորդ՝ հաշվի առնելով Ադրեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ Հայաստանի նկատմամբ տարածքների պահանջների շրջանակի մեծացումը՝ պետք է նշեմ, որ արեւմտյան փաթեթում ավելի ոչ հայկական բարենպաստ կետեր կան ներառված, քան Ռուսաստանի։
-Պուտինն Ալիեւի հետ խոսակցության ժամանակ միտք էր հայտնել, թե իրենք շարունակում են ձեռքը պուլսի վրա պահել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, Ալիեւն էլ շեշտել էր, որ իրենք անում են հնարավորը Հաայստանի հետ երկարատեւ խաղաղության հասնելու համար: Այս երկու ազդակներից ի՞նչ կարող ենք ենթադրել, ի վերջո, այդ գործընթացը կսկսվի՞ եւ ե՞րբ։
-Նախ՝ պետք է հասկանանք՝ Ադրբեջանի «երկարատեւ խաղաղություն» ասվածը ինչ է նշանակում. կարճ ձեւակերպեմ՝ Արցախի կորուստ եւ Հայաստանի պետականազրկումը, ինչը ենթադրում է 7 անկլավների վերադարձը Ադրբեջանին: Կա կետ նաեւ անհետ կորած ադրբեջանցիների տեղանքի նշում, որը որ հետագայում՝ շատ կարճ ժամանակում, Հայաստանի համար 2 կարեւոր խնդիր կառաջացնի, առաջին՝ միջազգային դատարանի առաջ կանգնել որպես քաղաքացիական անձանց կոտորող պետություն, երկրորդ՝ միջազգային իմիջում Հայաստանը կներկայացվի որպես ցեղասպան պետություն։ Եթե Ադրբեջանը խոսում է կառուցողականությունից, ես՝ որպես փորձագետ, առնվազն կարող եմ ենթադրել, որ դա բարենպաստ չէ հայկական կողմի համար, որովհետեւ Ադրբեջանը շուրջ 30 տարի երբեւիցե չի համաձայնել հայկական որեւէ առաջարկի, որը, այսպես կոչված, կառուցողական կլիներ։ Վտանգներն ավելի մեծ են, քան դրական ակնկալիքները։
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀՍՏԱԿ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆ ՀՂԵԼ
Տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներն ու առաջին դեմքերը երեկ, իրար հաջորդելով, հայտարարություններ են տարածել, որոնք ուղղակիորեն են կապվում Հայաստանի հետ: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն էր տեղի ունեցել, Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի ղեկավարները խոսել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, ինչպես նաեւ Արցախյան հակամարտությունից:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան մշտապես է դիտարկում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման հարցերը: «Բնականաբար, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերին»,- Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահը:
Ի հավելումն՝ Ալիեւն էլ նշել է, որ Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության: «Բաքուն Երեւանի հետ շփումներում բավականին կառուցողական թեզեր է առաջարկել, որպեսզի այդ խաղաղությունը վերջնականապես ձեռք բերվի»,- հայտարարել է Ալիեւը։
Պաշտոնական Թեհրանն էլ երիցս խոսել է Հայաստանի հետ պատմական սահմանների փոփոխման անթույլատրելիության մասին: Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդիի փոխանցմամբ՝ նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիեւին հստակ ասել է՝ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին:
«Թեհրանը նաեւ դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը»,- հավելել է Ջամշիդին:
Նշենք, որ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի նախագահների շուրթերից երեկ հնչած հայտարարություններից եզրակացնել կարելի է, որ նրանց այդքան էլ դուր չի գալիս տարածաշրջանում Արեւմուտքի ակտիվացումն ու իրենց խաղից դուրս մղելու եվրոպական մանեւրումները:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայտնում է, որ առաջիկայում Հայաստան կայցելի Ամերիկայի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն: Ըստ նրա՝ ի տարբերություն Կոնգրեսի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության՝ առաջիկայում Երեւան այցելող 7 կոնգրեսականները հայամետ դիրքավորում չունեն, ավելին՝ նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ: «Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարության գործակցության ձեւաչափի շրջանակներում են կոնգրեսականներն այցելելու Հայաստան: Նրանք այդ ձեւաչափի շրջանակներում են տարբեր երկրներ այցելում, այդ թվում՝ մեր տարածաշրջան»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Սարգսյանը: Մեր հարցին՝ ինչ «մեսիջով» են նրանք գալիս Հայաստան, արձագանքեց՝ որեւէ կոնկրետ «մեսիջ» չկա: Հավելում է՝ նրանց հիմնական ասելիքը ժողովրդավարության զարգացման, պահպանման կոնչով հանդես գալն է. ամերիկացիները բարձր են գնահատում Հայաստանի՝ ժողովրդավարության հռչակման ու դրա պահպանման հանձնառությունը: Մեր զրուցակիցը չի կարծում, թե կոնգրեսականների այցին ինչ-որ այլ գործընթաց կհաջորդի, որովհետեւ այդ այցը փոխգործակցության հարթակ է, ու հետագա գործողությունների մասով լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ:
Ի ՎՆԱՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
«Մենք թերեւս կգնանք Սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով,-այս տարվա հոկտեմբերի 4-ին հայտարարեցին 18 հասարակական կազմակերպություններ՝ Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում խիստ անընդունելի համարելով։- Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը եւ պահանջում ենք վերանայել առաջադրումը… Նրա նշանակումը կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժեւորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների»։ Հանրային կարծիքը խիստ կարեւորող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն, անտեսեց քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված խնդիրներն ու պահանջները՝ Վահագն Հովակիմյանին ընտրելով ԿԸՀ նախագահի պաշտոնում: Պարզվում է՝ միայն ՔՊ-ականների հազիվ 65 ձայնով ընտրված Վահագն Հովակիմյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այս մասով եւս ՀԿ սեկտորը նոր հայտարարություն է տարածել եւ դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին՝ անհրաժեշտություն համարելով ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ քննելու պատգամավորի շահերի բախման ակնհայտ փաստը: Այս առիթով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Մենք թերեւս կգնանք ՀՀ սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ոչինչ չի տալու: Այս պահին մեր իրավաբանները աշխատում են դիմումի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդավարական ցանկացած երկրում ամենակարեւոր ինստիտուտներց մեկն է, որի ձեւավորումը չպետք է խնդրահարույց լինի կամ կասկածներ առաջացնի: Եթե Վահագն Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, այդ պահին իրավիճակի դասավորվածությունն այնպիսին էր, որ Վահագնը չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ միակուսակցական դիկտատուրան իրենց համար առաջին պլանում է, եւ շահերի բախման ակնհայտ դրսեւորումների պայմաններում անգամ նրանք չեն խորշում կուսակցականին դարձնել անկախ կառույցի ղեկավար»։