ԵՄ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ դելիմիտացիային նպաստելու համար. այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, եւ երբ են ժամանելու Հայաստան։

 

Փորձենք հասկանալ, թե ինչ կարող են անել նման առաքելությունները, եւ ինչ պրակտիկա է առկա աշխարհում։ Նկատենք՝ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունի այս պահին 11 երկրներում, այդ թվում՝ հարեւան Վրաստանում՝ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Հենց մեր հարեւան երկրի փորձի հիման վրա փորձենք հասկանալ իրավիճակն ու ակնկալիքները։

Վրաստանում առաքելությունը կանգնած է Աբխազիայի եւ Վրաստանի սահմանին մեկ գծում եւ Հարավային Օսեթիայում երկու վայրում։ Այստեղ դիտորդական առաքելությունը ժամանել է Ռուսաստանի եւ Վրաստանի կողմից համաձայնություն ստանալուց երկու շաբաթ հետո, եւ սովորաբար պրակտիկա է առկա, որ նրանց ժամանելը երկար չի տեւում։

Ընդգծենք՝ քաղաքացիական առաքելության անդամները չեն կարող իրենք հատել սահմանը եւ պետք է տեղակայված մնան եւ դիտարկումներ անցկացնեն միայն այդ վայրում։ Դիցուք, մեր պարագայում առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։ Նրանք զինված չեն, հետեւաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ, եւ նրանց առաքելությունը միայն միջնորդական է։ Օրինակ՝ եթե ինչ որ խնդիր է առաջանում, ապա նրանք կարող են զանգել ադրբեջանական կողմին եւ փորձել ընդհանուր հայտարարի հասնել, կարող են հենց սահմանին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել երկու կողմերի միջեւ։

Այսինքն՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե ինքը կաշխատի առաքելության հետ այնքանով, որքան կառնչվի Ադրբեջանին, չի խանգարելու աշխատանքին, քանի որ, այսպես, թե այնպես, նրանք տեղակայելու եմ հենց ՀՀ սահմանին։ Առավոտից մինչեւ երեկո նրանք պետք է մշտադիտարկումներ անցկացնեն. եթե խախտումներ լինեն, արձանագրեն դրանք, ոչ ավելին։

Ըստ այդմ, ԵՄ առաքելության նպատակներն են՝

l ապահովել, որպեսզի ռազմական գործողությունները նորից չսկսվեն,

l նպաստել տեղացի բնակչության վերադարձին նորմալ կյանքի, որոնք ապրում են այդ տարածքներում,

l ամրապնդել կոնֆլիկտի կողմերի միջեւ վստահությունը:

Հարեւան Վրաստանում քաղաքացիական առաքելության անդամների թվում ԵՄ երկրների ցանկից մեծ թիվ են կազմում Գերմանիայի ներկայացուցիչները, իսկ Լյուքսեմբուրգից առհասարակ բացակայում են՝ հաշվի առնելով այդ երկրի փոքր լինելը, ինչպես նաեւ այլ առաջնահերթությունները։ Հայաստանի դեպքում եւս հստակ չէ, թե քանի երկրից եւ քանի ներկայացուցիչներ կկանգնեն ՀՀ սահմանին եւ քանի ուղղություններով, սակայն մեր դեպքում եւս ուղղությունները մի քանիսը կլինեն։

Հավելենք, որ սկզբնական շրջանում Վրաստանի սահմանին եւս լարված է եղել, սակայն մինչեւ այժմ արտառոց միջադեպեր այլեւս չեն գրանցվել, եւ անգամ Աբխազիայի բնակիչները կամուրջի օգնությամբ կարողանում են գալ Վրաստան. Օսեթիայի համար նոր է հնարավորություն ստեղծվել գալ Վրաստան, սակայն միայն հատուկ օրերի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Եվրամիության՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Եվրամիության առաքելության ժամանումից եւ հայտնել, որ ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանել է Երեւան:

«Երեկ ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երեւան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։

Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը իրավիիճակի կայունացման նպատակով»,- գրել է Կլաարը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրամիության նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նաեւ նշվում էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը եւ հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

ԱԺ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան եւ դրա հետեւանքները: Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները նաեւ հարձակում է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել է, որ Շվեյցարիան հաստատակամ է՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ համայնքային ժողովրդավարական ընտրությունները:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները նաեւ քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները:

 

 

 

ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 14-ի առավոտյան ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ընթացել է կառուցողական բովանդակային զրույց:

Նախարարությունից փոխանցեցին, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու է ոլորտը համակարգող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նախարար Դումանյանը չի կարող մասնակցել նիստին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով պայմանավորված:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նախատեսված էր գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու էր բուհերի խոշորացմանը եւ, մասնավորապես, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

 

 

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

«Անթույլատրելի եմ համարում, որ ցանկացած հայ ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք»,- երեկ՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը, որտեղ նա ՌԴ-ին մեղադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները «նպատակային սադրելու» համար:

«Նախ մենք սփյուռքային ժողովուրդ ենք, 3 մլն հայ է ապրում Ռուսաստանում: Այն ապուշը, որ հակառուսական կարծիքներ է արտահայտում, չի՞ մտածում մեր հայրենակիցների մասին, որ կարող է այդ կապը կտրվել: Կամ այն ապուշը, որ հակաամերիկյան է, չի՞ մտածում, որ 2 մլն հայ կա ԱՄՆ-ում: Հետեւաբար Ռուսաստանը մեզ համար բարեկամ երկիր է, Արեւմուտքն էլ մեզ համար թշնամի չէ: Դրա համար մենք չենք տեսնում այլընտրանք ռուս խաղաղապահներին, բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք Արեւմուտքին: Ես անառողջ եմ համարում այս մեղադրանքները Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին. սա մեր գործը չէ: Շատ ավելի լավ կլիներ, որ այդ նույն ժողովրդավարական երկիրը հստակ ասի, որ չի տեսնում ժողովրդավարական Արցախը տոտալիտար Ադրբեջանի կազմում: Սա է ամենակարեւորը, որովհետեւ եթե Արցախի մազը ծռվեց, դա լինելու է խայտառակություն ու խարան՝ իրենց գլխին դաջված»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նաեւ նկատեց, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ դեռեւս կարողանում է Թուրքիային զսպել. «Կանցնի 1-2 տարի, եւ դա կլինի անհնարին, եւ մենք կտեսնենք, որ կրկնվում է նացիստական Գերմանիայի օրինակը, երբ օգնում էին, բայց այդ հրեշը վերջում բոլորին վնաս տվեց»:

 

 




Լրահոս