ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի ընտրության հարցը:

 

ՀՀ ԱԺ-ի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Վահագն Հովակիմյանը, անձամբ մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ այն է. «1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաեւ Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ՝ (…) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաեւ որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի»: Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում։ Վահագն Հովակիմյանը, լինելով պատգամավոր, միաժամանակ ընտրվում է ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ օգտագործելով իր պատգամավորական լիազորությունները իրեն այդ պաշտոնում հաստատապես ընտրելու համար՝ ՔՊ միասնական ձայներին ավելացնելով իր վճռորոշ ձայնը (ընտրության համար անհրաժեշտ է եղել առնվազն 65 ձայն)։ Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից եւ անկողմնակալությունից: Վահագն Հովակիմյանի դրսեւորած վարքագիծը անընդունելի է ակնկալվող հանրային բարձր հեղինակություն վայելող եւ սահմանադրական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի համար, ստվերում է ԿԸՀ ձեւավորման գործընթացը եւ կառույցի հեղինակությունը, խաթարում է հանրային վստահությունը դրա նկատմամբ։ Ի լրումն սույն թվականի հոկտեմբերի 4-ի մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից «Իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցման դատապարտման մասին» հայտարարությանը` անհրաժեշտ ենք համարում դիմել ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսեւորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը եւ շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը. դրանք ի չիք են դարձնում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրության ընկալումների դրական միտումները եւ հանգեցնում զգալի ռիսկերի` կոռուպցիայի տարածման, նոր ձեւավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդման ու ընտրական ինստիտուտների կայացման գործում։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման

եւ պաշտպանության հիմնադրամ

«Ռեստարտ» գիտակրթական

հիմնադրամ

«Հելսինկյան քաղաքացիական

ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Ժուռնալիստների

«Ասպարեզ» ակումբ» ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

 

 

 

 

ՊԵԿ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն շինարարության ոլորտի եւ հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում 2022 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 16 հարկ վճարողների մոտ արձանագրվել է  աշխատողի չձեւակերպման 16 խախտման դեպք, իսկ հատուկ հսկողություն պահանջող խոշոր 81 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 17 խախտման դեպք եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 65 դեպք:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, 2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ՝ աշնանային՝ 2022 թ. հոկտեմբերի 24-30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ, գարնանային՝ 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2022 թ. հոկտեմբերի 17-30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2022 թ. հոկտեմբերի 24-30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաեւ ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

 

 

 

ՓԱԿԵԼ Է ԴՊՐՈՑԻ ԴՌՆԵՐԸ

Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ Պառավաքար գյուղից լրագրողիս  զանգահարած ծնողը բողոքեց, որ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Ղայթմազյանն այս ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերի 1-ից՝ ամեն առավոտ՝ ժամը 9-ից, փակել է տալիս դպրոցի դռները, եւ անգամ մի քանի րոպե ուշացած աշակերտները չեն կարողանում մտնել կրթօջախ։ Դասից ուշացած աշակերտները հուսահատ նստում են դպրոցի դիմաց գտնվող պատին. նրանք այդ օրը չեն կարողանում մասնակցել դասերին։ Կես ժամ քայլած, գյուղի ծայրին գտնվող իրենց տնից դպրոց հասած աշակերտը մի քանի րոպե ուշանալու պատճառով բաց է թողնում դասերը։ Պառավաքարցի ծնողը հայտնեց, որ դպրոցի տնօրենը փակել է տալիս նաեւ դպրոցի բակ տանող դուռը, օրվա ընթացքում աշակերտները հնարավորություն չեն ունենում օգտվելու դպրոցի տարածքում գտնվող ցայտաղբյուրից, ստիպված ջուր են խմում դպրոցի շենքում գտնվող զուգարանի ծորակից, ինչից աշակերտները դժգոհում են։ Ն. Ղայթմազյանը 3 անգամ անընդմեջ մասնակցել է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթներին։ Նա Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի որոշումով 2022թ. մարտի 9-ին նշանակվել է Պառավաքարի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, հիմք ընդունելով Պառավաքարի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի 2022թ. հունիսի 14-ի թիվ 8 արձանագրությունը, որոշել է Ն. Ղայթմազյանին հունիսի 16-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության  Տավուշի մարզի Էդիկ Մելքումյանի անվան Պառավաքարի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն եւ նրա հետ հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Զանգահարեցի Պառավաքարի դպրոցի տնօրենին, Ն. Ղայթմազյանն ասաց, որ ինքը փորձում է Պառավաքարի դպրոցը դպրոց դարձնել, հայտնեց, որ ժամը 9-ից դպրոցի դռները փակելու որոշումը ինքը համաձայնեցրել է դպրոցի ծնողական խորհրդի հետ։ Նրանից տեղեկացա, որ ինքն այս տարի դարձել է «Քաղաքացիական պայմանագիր»    կուսակցության անդամ, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում եղել է   «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ավագանու թեկնածուների 58-հոգանոց ցանկի 21-րդ համարը։ Նաիրա Ղայթմազյանը հուզվեց իմ հարցերից, ասաց, որ մինչեւ հիմա հավատում էր լրագրողի իմ անաչառությանը, սպառնաց, որ իմ կողմից սխալ բաներ գրվելու դեպքում ինքը կդիմի «համապատասխան օրգաններին»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս