ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների՝ 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» եւ «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաեւ առարկայական օլիմպիադաների մարզային (Երեւանի քաղաքային) եւ հանրապետական փուլերի ժամկետները:

 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) եւ երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:

Առաջին փուլն անցկացվում է դպրոցում, որին կարող է մասնակցել ցանկացած սովորող՝ այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլի արդյունքները չեն բողոքարկվում:

Երկրորդ փուլն անցկացվում է մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) սահմանած վայրում 2023թ. հունվար-փետրվար ամիսներին: Հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Օլիմպիադայի երկրորդ փուլի աշխատանքների արդյունքների  բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին: Երկրորդ փուլի հաղթողները պարգեւատրվում են մարզպետարանների (Երեւանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով եւ գովասանագրերով:

Նշենք նաեւ, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադային մարզային փուլն անցկացվում է տեսական եւ գործնական փուլերով:

Երրորդ փուլն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում 2023թ. փետրվարի 17-ից մինչեւ մայիսի 15-ը: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Օլիմպիադայի երրորդ փուլի աշխատանքների արդյունքների  բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին:  Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգեւատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ:

«Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» եւ «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլերն անցկացվում են տեսական եւ գործնական, իսկ «Մաթեմատիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաներինը՝ երկու տեսական փուլերով:

Դպրոցական օլիմպիադային մասնակցող աշակերտների անվանացուցակների ձեւանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները եւ օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am եւ lib.armedu.am կայքերում:

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆ ԴՐՎԵԼ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության եւ տնօրենի նշանակման եւ Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման եւ նշանակման կարգերի նախագծերը:

 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության պահանջից, որտեղ ամրագրված է ուսհաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի եւ վարչատնտեսական մասի համակարգողի միջեւ:

Հաստատության ուսումնադաստիարակչական եւ վարչական գործընթացների կառավարումը  վերապահվում են տարբեր ղեկավարների. ուսումնադաստիարակչական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է վարչատնտեսական համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Տարանջատման արդյունքում ակնկալվում է արդյունավետ կառավարում՝ գործառույթների եւ պատասխանատվության հստակ բաշխմամբ:

Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող նոր մոդելով վարչատնտեսական  համակարգողն իրականացնում է դպրոցի վարչական, տնտեսական եւ ֆինանսական կառավարումը։ Համակարգողը տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում եւ համապատասխանաբար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական եւ ֆինանսական հարցերով. նա իրականացնում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման գործընթացները։

Այսպիսով, ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարեւոր եւ աշխատատար գործառույթներով՝ դրանք իրականացնելով համագործակցային  մեխանիզմով:

 

 

 

ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընթացող պեղման աշխատանքների ժամանակ մեծ թվով ջնարակված թասիկների ու պնակների բեկորներ են հայտնաբերվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հնագիտական նյութը թվագրվում է 11-13-րդ դդ.-ին: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի խոսքով՝ հոյակապ այս խեցեղենը բացվել է ամրոցի պարսպապատին հարող տարածքում՝ կիսաշրջանաձեւ խորշի մեջ, որ, ամենայն հավանականությամբ, տնտեսական նշանակության կառույց է եղել։ Դրանք երբեմն բացվում էին իրար կողք շարված, եւ ակնհայտ է, որ իրենց նախնական տեղում են։ Հետագայում, ծածկվելով հողի հաստ շերտով ու փլատակներով, երկար դարեր մնացել են անհայտ։

Զարգացած միջնադարի այս հոյակապ նմուշները ցույց են տալիս Լոռե ամրոցում մշակութային բարձր զարգացվածության աստիճանը, որն իր զուգահեռներն ունի Անիում եւ Դվինում։ Հայտնաբերված խեցեղենը ունի նուրբ գույների գեղեցիկ համադրությամբ արված երկրաչափական ու բուսական սիմետրիկ զարդանախշեր, իսկ մոտ 15 թասեր կրում են թռչունների (կաքավներ) պատկերներ։ ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։

 

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտակ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երեւան, Նորք-Մարաշ) եւ պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ խախտումներով,

մասնավորապես՝

– առաստաղները նախագծված եւ կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը եւ մասնիկների թափվելու հնարավորությունը,

– աշխատանքային մակերեւույթների մի մասը՝ ներառյալ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, պատրաստված չեն քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից,

– սարքավորումների մի մասը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, որպեսզի աղտոտման ցանկացած վտանգ հասցվի նվազագույնի։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 




Լրահոս