ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 114

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը ամիսներ առաջ՝ 2022 թվականի հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկին հայտարարություններ արեց, որոնք այնուհետեւ իրականություն այդպես էլ չդարձան: Մասնավորապես, ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, թե ինչու են իրեն մեղադրում Արցախին միայնակ թողնելու համար՝ հայտարարելով, թե դա սուտ է: Եվ, որպես ապացույց, նա բերում էր այն հանգամանքը, որ 2021-2022թթ. Արցախի բյուջեն եւ ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության: «2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած: Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել: 2021-ին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է: Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: Այսինքն՝ ՀՀ աջակցությունն Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոս՝ 2019-ի համեմատ, կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով»,-ասաց Փաշինյանը: Սակայն ամիսներ անց մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ Հայաստանն իսկապես Արցախին միայնակ է թողել եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի շուրթերով հայտարարել, որ հենց Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ ուղիղ: Անգամ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ մատնանշվում է, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը թեեւ արդեն աշխատանքի է անցել, բայց քաղաքացիական հասարակության համայնքի ներկայացուցիչներն ու իրավաբանները շարունակում են պնդել՝ նրա պաշտոնավարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին: Հովակիմյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է ու կուսակցական գործունեությունը անկախ հանձնաժողով գործուղվելուց օրեր առաջ է դադարեցրել. եթե խորհրդարանում ինքն իրեն չընտրեր, այդ պահին ստեղծված իրավիճակի դասավորվածությամբ՝ ԿԸՀ նախագահ չէր ընտրվի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԸՀ անդամների ընտրության օրն ԱԺ-ում Հովակիմյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջեւ խոսակցություն է եղել: «Այդ օրն ԱԺ-ում 67 ՔՊ-ական պատգամավոր կար, որոնցից 2-ը Կոնջորյանին խնդրել են անձնական գործերով լքել ԱԺ-ի շենքն ու չմասնակցել ԿԸՀ անդամների քվեարկությանը: Կոնջորյանն Հովակիմյանից հետաքրքրվել է՝ բավականացնում են արդյոք ՔՊ պատգամավորների ձայները, եթե ԱԺ-ում կան ընդամենը 65 պատգամավորներ: Հովակիմյանն ասել է, թե խնդիր չի լինի, ինքն իրեն քվեարկի, եւ 65 հոգին կլրանան»,- պատմեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Պատգամավոր Վահագն Հովակիմյանը քվեարկել է ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի օգտին՝ առաջացնելով հակասահմանադրական իրավիճակ: Հիշեցնենք, որ Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի ընտրվելու հարցը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ առաջիկայում Սահմանադրական դատարանում կվիճարկվի:

 

 

 

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը: Մեզ ակնարկեցին, որ Հովհաննիսյանը քաղաքապետի հովանավորյալն է, եւ այդ կապերը եղել են դեռեւս այն ժամանակվանից, երբ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի տեղակալն էր եւ համակարգում էր նաեւ Մետրոպոլիտենի աշխատանքը: Մեզ փոխանցեցին, որ օպերատիվ աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկությունները, մեղմ ասած, բավականին ուշագրավ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվ գործողություններ չեն իրականացվել: Մեր այն հարցին, թե ինչպիսի հնարավոր չարաշահումներ են՝ կոռուպցիա, հովանավորչություն, թե այլ, պատասխանեցին, որ հարցականները, առերեւույթ հանցագործությունների կամ դրանց ռիսկերի շրջանակը բավականին լայն է, ու ավելի կոնկրետ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ: Քաղաքապետարանի մեր աղբյուրները, թեմայի շուրջ կատարված հարցումներին ի պատասխան, նշեցին, որ  Հայկն ու Հրաչն այն աստիճանի մտերիմ են, որ Հայկ Հովհաննիսյանի կինը` Իսկուհի Օսիպյանը, զբաղեցնում է քաղաքապետարանի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Դժվար չէ կռահելը, որ հսկայական ֆինանսական հոսքեր կառավարող  այդ  վարչությունը պետք է ղեկավարի քաղաքապետի ամենամտերիմ մարդկանցից  մեկը: Ի դեպ, հայտնի դարձավ նաեւ, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս սկսել է հաճախ լինել Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Ինչեւէ, սպասենք դեպքերի հետագա ընթացքին:

 

 

 

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի եւ ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-ին նախագահ է ցանկացել դառնալ նաեւ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը Դավիթ Խաչատրյանի նշանակմանը կողմ են եղել երեք դատավոր անդամներ, իսկ մյուսներն իրենց ձայնը տվել են կառավարությունից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանին: Այս եւ այլ գործոններն էլ հենց պատճառ են դարձել, որպեսզի ԲԴԽ-ում լարված մթնոլորտ ձեւավորվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, իր սկանդալային բովանդակությամբ դիմումի համաձայն, ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական տվեց Գրիգոր Բեքմեզյանը՝ հայտարարելով. «Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաեւ վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլեւս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով»: ԲԴԽ-ում ստեղծված անառողջ մթնոլորտի, ինչպես նաեւ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանի հետ ունեցած լարված փոխհարաբերությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Կարեն Անդրեասյանից: «Չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասաց պարոն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովում ընտրվեց ԲԴԽ անդամ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Անդրեասյանը արդեն ԲԴԽ-ում կայացած գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ:




Լրահոս